Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտներն իրենց ստացած գյուղատնտեսական գիտելիքները կփորձարկեն «ԱրմԱս»-ի խաղողի այգիներում

Հոկտեմբեր 27,2016 17:35

ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները, որոնք հետաքրքրված են գյուղատնտեսությամբ, հնարավորություն կունենան հմտություններ ստանալ ու իրենց գիտելիքները գործնականում կիրառել «ԱրմԱս» գինեգործական ընկերության խաղողի այգիներում:

Հոկտեմբերի 27-ին «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամում կնքվեց համագործակցության հուշագիր՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի, «Dasaran» կրթական ծրագրի և «ԱրմԱս» գինեգործական ընկերության միջև:

Նպատակն է նպաստել հայ աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, խթանել խաղողագործության և ընդհանուր գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքների տարածմանը:

Հուշագրի շրջանակում կստեղծվի գյուղատնտեսության ոլորտի, խաղողի մշակման և արդյունաբերության մասին համապատասխան բովանդակություն, որը «Dasaran» հարթակի միջոցով հասանելի կդառնա հայ աշակերտներին: Ստացված կրթական տեղեկատվությունը գործնականում կիրառելու և հմտության վերածելու հարցում իր աջակցությունը կցուցաբերի «ԱրմԱս» ընկերությունը:

Aravot.am-ի հարցին՝ աշակերտներն իրենց ստացած գիտելիքներն ինչպե՞ս են գործնականում կիրառելու, «ԱրմԱս» գինեգործական ընկերության գործադիր տնօրեն Վիկտորիա Արսլանյանը պատասխանեց. «Նախևառաջ մեր խաղողի այգիներում կտեսնեն, թե ինչից ինչ է ստեղծվել. 180 հեկտար մշակվել է, երբ ժամանակին եղել է քար և խոտ: Այդ տարածքում այսօր արդեն գյուղատնտեսության գեղեցիկ տեսարան է բացվում, որտեղ արտադրվում է, այնուհետև արտահանվում, ստեղծվել է 200 աշխատատեղ: Խաղողի այգիներ, գործարան, գինու, կոնյակի ոլորտում արտադրություն և այս ամենը սկսվում է հումքից: Անհրաժեշտ է ունենալ լավ հումք, որ կարողանանք արտադրել որակյալ ապրանք, արտահանել և մրցակից դառնալ միջազգային շուկայում»:

Վիկտորիա Ասլանյանի համոզմամբ, եթե գյուղատնտեսության ոլորտում կրթությունը չզարգանա և երեխաները ոգևորված չլինեն՝ վստահաբար իմանալով, որ աշխատանք կունենան, գնահատված կլինեն ու այդ աշխատանքն անհրաժեշտ է մեր երկրի համար, արդյունք չենք ունենա. «Մեր երկրի մրգերի, բանջարեղենների համն ու հոտը Աստծու կողմից տրված է, ուղղակի պետք է ճիշտ մշակել այն և գործընթացը շարունակել արդյունաբերությամբ ու արտահանմամբ»:

«ԱրմԱս»-ի գործադիր տնօրենի կարծիքով՝ անհրաժեշտ է սկսել հիմքից և հումքից, որպեսզի  մեր երիտասարդները գյուղատնտեսական կրթություն ստանան, քանի որ այս ոլորտը մեծ հնարավորություն է տալիս մեր երկրի տնտեսությունը զարգացնելու, անհրաժեշտ է նաև ոգևորել հայ երիտասարդներին: Վիկտորիա Ասլանյանը վստահեցրեց, թե պատրաստ են աջակցել այն ամենին, ինչ առնչվում է երիտասարդների կրթությանը. «Ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ չէ, որ երիտասարդների ենք հյուրնկալում: Նրանց հետ շփումներից տեսնում եմ ոգևորությունը: Լավագույններին մենք նաև աշխատանքի ենք վերցնում մեզ մոտ, քանի որ կարծում եմ՝ ինչպես մենք ենք իրենց պետք, այնպես էլ իրենք մեզ»:

viktoria-aslanyan1

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Վարդան Ուռուտյանը, մտահոգություն հայտնելով, որ գյուղատնտեսական մասնագիտությունները մեծ հեղինակություն չունեն հայ աշակերտների շրջանում, նշեց. «Մեր նպատակն է հայ աշակերտներին ուսուցանել գյուղատնտեսության լավագույն գիտելիքներ, որպեսզի կարողանան կողմնորոշվել ու պատկերացում կազմել, որ գյուղատնտեսական մասնագիտությունների միջոցով նույնպես կարելի է լավ կարիերա անել»:

Նա փաստեց, որ բարձրակարգ մասնագետների պահանջարկ կա ագրոնոմիական մասնագիտությունների, խաղողագործության, սննդի անվտանգության, օրգանական գյուղատնտեսության ոլորտներում:

«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունը եղել է իրենցը, իսկ «ԱրմԱս»-ն աջակցել է, որպեսզի երեխաները գործնականում փորձարկեն իրենց գիտելիքները և մասնակցեն ամառային վերապատրաստումների, ծանոթանան հողագործությանը, խաղողագործությանը և հասկանան, թե ապագայում ինչ մասնագիտություն կարող են ձեռք բերել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31