Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ընդդեմ Հայաստանի հերթական որոշումը:
Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշումը փաստաբան Երվանդ Վարոսյանի համար աննախադեպ որոշում է:
«Եվրոպական դատարանն արձանագրել է Հայաստանի քաղաքացիների` արդար դատաքննության իրավունքի խախտում, դատավարության կողմերի միջև հավասար մրցակցության իրավունքի խախտում։
Բայց հազվադեպ որոշումներից է, որ եվրոպական դատարանը որոշում է կայացրել՝ հստակ գնահատական տալով հայ դատավորի գործողություններին, որոշման մեջ մեջբերումներ են արված դատական նիստին հայ դատավորի կողմից հնչած արտահայտություններից, և հատկապես հայ դատավորի գործողություններն են նաև հիմք հանդիսացել Հայաստանի դեմ կայացված որոշման»,- Aravot.am-ին ասաց պարոն Վարոսյանը:
Իսկ դատավորը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, որը բնակարանի սեփականության իրավունքի համար վեճ ունեցող կողմերին հաշտություն է պարտադրել:
Կարդացեք նաև
Գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի տեղեկատվության համաձայն, պարոն Մկրտումյանը նույնիսկ մի քանի անգամ նիստերն է հետաձգել՝ ստիպելով կողմերին ամեն գնով հաշտվել, ինչից հետո սպառնացել է: Գործը ՄԻԵԴ էր մտել իննը տարի առաջ:
«Սա եվրոպական դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գնահատական է տրվել բարձրագույն դատական պաշտոնյայի վարքին՝ գնահատելով այն դատական կարևորագույն հատկանիշի՝ անկողմնակալության սկզբունքի խախտում»,- պարզաբանեց փաստաբանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ