Լրահոս
Օրվա լրահոսը

Զգում էր՝ իր ներկան կարճ է, բայց ապրածը՝ հավերժ…

Հոկտեմբեր 27,2016 16:46

Բագրատ Արթուրի Ալեքսանյանը ծնվել է 1995 թվականին Երևանում: 2010 թվականին ավարտել է թիվ 84 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանը: 2011 թվականին ընդունվել է հայ-հունական պետական քոլեջը, որն ավարտել է 2013 թ-ին: 2014-ին զորակոչվել է հայկական բանակ: 2016թ.-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ մարտնչելով զոհվել է Ջիբրայիլի տարածքում: Ունի մեկ եղբայր՝ Սամվել Ալեքսանյանը: 

«Գլորվում, գլորվում»…Գնդլիկ-բոքոնիկի հեքիաթը փոքրիկ Բագրատի ամենասիրելի հեքիաթն էր: Մտերիմները հիշում են՝ մանկապարտեզում առաջին օրը հավաքում է ընկերներին ու սկսում պատմել սիրելի հեքիաթը, հետո ինքն է դառնում դաստիարակների ու ընկերների ամենասիրելի Բագրատը…

Մանկապարտեզում բոլորը Բագրատին հավասարակշռված ու կազմակերպված տղա էին համարում, իսկ տանը փոքրիկ չարաճճին զերծ չէր մնում տարիքին բնորոշ խենթություններից:

Բագրատի մայրը՝ տիկին Նարինեն պատմում է. «Առաջին անգամ մեր կնքահայրը հարսնացուի հետ եկավ մեզ հյուր: Բագրատս կլիներ երկու-երեք տարեկան: Փոքրիկ աթոռ ուներ, դրեց ու համառորեն կնքահորը ստիպեց նստել: Հետո սկսեց լաց լինելով համոզել, թե հարսնացուն պիտի նստի կնքահոր գրկում: Հարսնացուն էլ ստիպված նստեց ու նույն պահին աթոռը կոտրվեց, երկուսն էլ ցած ընկան»:

Բագրատի անկյունում Աստվածաշունչ կար դրված, վրան էլ մակագրված Ոսկե կանոնը: Հետո պարզեցինք՝ իննամյակին կնքահայրն էր նվիրել: Ծնողները պատմում են՝ միայն եղբորն էր թույլ տալիս դիպչել, սրբությամբ պահում էր իր քավորի նվերը:

Մեր հերոսը դպրոցում էլ նույնքան աշխույժ, նույնքան սիրված է եղել: Այբբենարանի ավարտական հանդեսի ընթացքում ուսուցչուհին որոշ ժամանակ ստիպված է եղել բացակայել դահլիճից, Բագրատը, սեփական նախաձեռնությամբ, իր վրա է վերցրել հանդեսը շարունակելու պատասխանատվությունը: Բոլորի խոսքերն անգիր գիտեր, հերթականությամբ: Երբ ուսուցչուհին ներս է մտել, բոլորը ծափահարել են փոքրիկ Բագրատին, ինքն էլ հպարտությամբ զիջել է տեղը ուսուցչուհուն:

Հետո Բագրատն իր առաջին ուսուցչուհուն պիտի բանաստեղծություն նվիրեր. ուսուցչուհին այսօր հպարտանում է իր հերոս աշակերտի՝ իրեն նվիրած տողերով:

Հերոսի հայրը՝ պարոն Արթուրը հիշում է. «Տղաս միշտ, անկախ ամեն ինչից՝ թույլերին պաշտպանում էր», իսկ մայրը՝ տիկին Նարինեն ավելացնում . «Փոքր էր, բայց ամեն քայլը մտածված էր անում»:

Բագրատի մանկության ընկերը՝ Գևորգը հիշում է. «Նոր էր սկսել ծխել, ընկերներով սիգարետը գողացանք, իրար փոխանցելով պահում էինք Բգոյից (էդպես էինք դիմում իրեն), ընկավ մեր հետևից, ինքն էլ թմբլիկ էր, դժվար էր վազում: Ահագին ժամանակ վազեցինք, սիգարետն էլ ճանապարհին կորցրինք, հետո հոգնած կանգ առանք, էլ շարունակել չէինք կարող: Ստիպված Բգոյից ներողություն խնդրեցինք, ինքն էլ՝ ժպտաց, այսինքն՝ ներեց»:

Դեռ փոքր տարիքից շատ է սիրել խոհարարություն: Մի անգամ Բագրատը տատիկից գումար է խնդրել սեխ գնելու համար, ծնողներն աշխատանքի են եղել, ասել է՝ ուզում եմ մամայի ու պապայի համար անակնկալ անեմ: Մայրը հիշում է. «Այդ ժամանակ ինքը կլիներ տաս տարեկան, հեռուստացույցով նայել, սովորել էր ու ելակով, սեխով կոնյակով մի էնպիսի կոկտեյլ էր պատրաստել, որ համը մինչև հիմա չեմ մոռացել»:

Մինչև վերջ էլ խոհարարությունը մնաց Բագրատի սիրելի զբաղմունքը. «Կգար, կասեր, մա՛մ ջան, հլը մի կողմ գնա, մինչև իմ ձեռը չկպնի, էս ճաշը համ չի ունենա: Հետո էլ ինձ կհամբուրեր, որ հանկարծ չնեղանամ»,-հիշում է տիկին Նարինեն:

Տղայի բնավորության մասին խոսելի առաջին բանը, որ հիշեց հերոսի մայրը այն էր, որ տղան ստել չէր սիրում: Ասում է. «Մի հայացք ուներ, հենց զգում էր խաբում են, ասում էր՝ մի հատ երեսիս նայի. իր հայացքից ամեն ինչ տեղն էր գալիս, բոլորն էին սթափվում»:

Հետո պիտի բոլորը հասկանային՝ Բագրատն ընտրյալ տղերքից էր, իրեն խաբել չէր կարելի:

Բագրատի ընկերներից Արամը նկատել է. «Ինչքան իր մարմնի քաշն էր, երեկու-երեք անգամ ավելի իր սրտի մեծությունն էր»:

bagrat-aleksanyan

Չափահասության շեմին մեր հերոսը Հայաստանում չէր, բայց շտապում էր հայրենիք՝ պարտքը տալու: Առողջական խնդիրների պատճառով հետաձգվում էր բանակ գնալը, ինքն անհամբեր էր: Վերջին անգամ ասել էր՝ եթե էս անգամ էլ հետաձգեն, դիմում եմ գրելու ինքնակամ գնամ:

Քառօրյա պատերազմի մասնակից է նաև Բագրատի եղբայրը՝ Սամվելը: Ինքն էլ հրաշքով է մահից խույս տվել: Հերոս տղաների մայրն այսօր վստահ է. «Բագրատս հրեշտակի պես պաշտպանեց եղբորը, ես հավատում եմ»:

Սամվելը եղբոր մասին խոսելիս առաջինը մտաբերում է ծառայության օրերն ու եղբոր անսահման հոգատարությունը. «Հոսպիտալում էի, հաջորդ օրը պիտի պոստեր գնայինք, եկավ մոտս, իրեն ասացի, որ առաջին անհրաժեշտության պարագաներ չունեմ, գնաց, մի քանի րոպե հետո ամեն ինչ բերեց. միշտ էր էդպես, երբ Բգոս կողքիս էր, ես ոչ մի բանի պակաս չունեի,- ասում է Սամվելն ու շարունակում,-հաջորդ օրը առավոտյան տեսա իրեն, շարքից դուրս եկավ, գրկեց, անփորձանք շաբաթ մաղթեց ու միացավ իր վաշտին»:

Մեր հերոսի ծառայակից ընկերը՝ Գուրգեն Հովհաննիսյանը հիշում է՝ ընկերը խոստացել էր՝ ծառայությունից հետո պիտի ընտանիքի հետ ծանոթացներ. «Ինքը չհասցրեց, բայց ես ծանոթացա, իմ ընկերոջ ընտանիքն իմ ընտանիքն էլ է»:

Ընկերոջ մասին խոսելիս Գուրգենը ժպիտով է հիշում նրա հետ անցկացրած ամեն վայրկյանը, ասում է. «Արթնանում էի՝ տեսնում էի գլուխը ուսիս քնել է, գիշերները էնքա՜ն էինք խոսում դեսից -դենից, պլանավորում էինք՝ ինչ ենք անելու քաղաքացիական կյանքում: Եղբոր՝ Սամվելի երդման արարողության օրն էլ հրաշալի օր անցկացրինք: Այսօր ես վստահ եմ ընկերս իմ ու Սամվելի պահապան հրեշտակն է»:

Վերջին անգամ էլ՝ տղաներն իրար խաղաղ ծառայություն են մաղթել ու բարձրացել սահման:

Ընկերներից Գևորգը պատմում է. «Մի անգամ հարցրի՝ ինչի՞ էնպես չես անում, որ եղբորդ հետ նույն տեղում ծառայեք, ասաց՝ չես հասկանա, էլի համառեցի, վերջը պատասխանեց՝ որ մի բան լինի, մեզնից մեկը գոնե հետ գա, մերոնց հասնի»:

Մեր հերոսը սիրած աղջիկ ուներ, ում համար պատրաստ էր կյանքը տալ, բայց որքան որ զորեղ էր սիրո գեղեցիկ դրսևորումը, նույնքան կամ շատ ավելի զորեղ էր սիրո ուժեղ դրսևորումն առ հայրենիք: Ծնողները հիշում են՝ դեռ դպրոցական տարիներից Բագրատի սիրած տողերն էին. «Եղել ենք, կանք ու դեռ կլինենք»…ինքն իր սիրելի տողերի արժանի հերոսն է…

Բագրատի առաջին բանաստեղծությունն է.

«Երազ տեսա,

Թևեր առած ճախրում էի դեպի երկինք…

………………………………………

Ու վեր թռա իմ իսկ ձայնից,

Երազ էր դա…»:

Բագրատը գիտեր, որ թևեր է առնելու, իր թևերով հայրենի երկրին խաղաղություն է բերելու, հետո երկինք ճախրի…բայց ինքն իր ձայնից պիտի արթնանար, խոստացել էր…

Ընդամենը 21 տարեկան, բայց արդեն հերոսությամբ պատմության մեջ անմահացած մեր Բագրատը գուցե տարիներ անց հայտնի դառնար իր ստեղծագործություններով… սիրում էր սրտում եղածը թղթին հանձնել, իսկ իր սրտում շա՜տ սեր, շա՜տ մաքրություն կար. մենք դա պարզեցինք Բագրատի օրագիրը թերթելիս: Ամեն մեկս չէ, որ կարող ենք ամեն վազող վայրկյանը կանգնեցնել թղթի վրա, Բագրատը եզակիներից էր… ծնողներն այսօր անգիր գիտեն իրենց հերոսի օրագրի ամեն տողը…

Մենք էլ մի քանի տող գողացանք Բագրատի օրագրից, մի քանի դրվագ հերոսի անցած պարզ, բայց իր պարզությամբ այնքա՜ն գեղեցիկ ճանապարհից…

«…Հինգ օր հետո Անժելը (Բագրատի սիրած աղջիկը) կդառնա 17 տարեկան, ինչ արագ են տարիները թռչում…է՜, անցած- գնացած լավ ու վատ օրեր, ամեն ինչ կտայի ձեզ ետ բերելու համար: Ցավոք, հետո ենք գնահատում պահը, ժամանակը, երբ արդեն անցյալում են…չենք գնահատում ներկան…»:

Բագրատն այն եզակիներից էր, ով գիտակցում էր ներկայի արժեքը. գուցե զգում էր՝ իր ներկան կարճ է, բայց ապրածը՝ հավերժ..

Հերմինե ՂԱՐԻԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31