Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը բացառում է «Համախմբում» կուսակցության հետ համագործակցությունը

Հոկտեմբեր 27,2016 16:09

Լրագրողները «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պատրաստվում են համագործակցել նախկին համախոհների հետ, մասնավորապես՝ ՀԱԿ-ի նախկին եւ ներկա անդամների հետ:

«Այդ առումով որեւէ բան չեմ բացառում: Մեր կուսակցությունը իր քաղխորհրդով բացառության մի սկզբունք է դրել՝ մենք չենք համագործակցի այն ուժերի հետ, որոնք Մարտի 1-ից հետո արդարացրեցին այդ գործընթացը եւ գնացին պաշտոններ ստացան՝ Սերժ Սարգսյանի հետ բաժակ զրնգացնելով եւ ասելով, թե ինչ է եղել, կարելի է նաեւ մարդ սպանել, իշխանություն վերցնել եւ այդ իշխանության մասն ենք կազմում, որ ավելորդ արյունահեղություն չլինի: Այս անհեթեթ մոտեցումն ունեցող քաղաքական կուսակցությունները ուղղակի իշխանական տաշտակից օգտվողներ են, եւ այս երկրին, պետությանը ավելի մեծ վատություն են արել, քան գործող իշխանությունը, որն այդ ոճրագործությունը գործեց, որովհետեւ իրենք են այն հենարանը, որով լղոզում են այս երկիրը»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ իրենք դաշինքներ կկազմեն այն կուսակցությունների հետ, որոնց հետ գաղափարական ընդհանրություն ունեն. «Այո՛, ես ՀԱԿ-ին համարում եմ ընդդիմադիր, «Բարգավաճն» ինքն իրեն է ոչ իշխանական համարում, եւ ինքը համագործակցել է իշխանության հետ Մարտի 1-ից հետո: Հետընտրական գործընթացներում, այո՛, «Բարգավաճից» էլ կլինեն անհատական թեկնածուներ, որոնք պարտված կլինեն եւ կգան հրապարակ, բարով գան, այստեղ էլ խնդիր չկա: Ինչ վերաբերվում է կուսակցությանը կամ կուսակցության ղեկավարությանը, իրենք, իհարկե՛, չեն կարող գալ, նախ չեն գա, եւ աստված չանի նորից գնան շամպայն խմելու, եթե գան էլ իրենք հարթակում տեղ չեն ունենա, որովհետեւ հանրությունը կսուլի»:

Հարցին, թե «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ժառանգություն» կուսակցությունների հետ հնարավո՞ր է դաշինք կազմել, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ձեր թվարկած բոլոր կուսակցությունները Մարտի 1-ի հետ որեւէ կապ չեն ունեցել, եւ արտաքին քաղաքական, քաղաքակրթական առումով կուսակցությունների անուններ տվեցիք, որոնց մոտեցումները կամ նույնությամբ համընկնում են մեր մոտեցումներին կամ շատ քիչ տարբերություններ ունեն: Իհարկե՛, հանդիպում ենք, համագործակցում ենք, բանակցում ենք, եթե կարելի է այդ զրույցներին բանակցություն անվանել»:

Ճշտող հարցին՝ Վարդան Օսկանյանի «Համախմբո՞ւմն» էլ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե՛, ոչ: Ինքը Մարտի 1-ի համար մեկ պատասխանատուներից է, ինքն այն մարդն է, որն արդարացնում էր Մարտի 1-ի գործընթացը, իր վրա պատասխանատվությունը նույնքան է, ինչ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա: Իհարկե՛, բացառում եմ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31