ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը համամիտ չէ, որ ամեն ոլորտում, ամեն ինչ վատ է. «Այդ մտայնությունից պետք է դուրս գալ, քանի որ այս տարիների ընթացքում տարբեր ծրագրերով զարգացումները մեր աչքի առաջ են եղել»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հրապարակային հայտարարեց, որ շատ բարդ վիճակում ենք, տիկին Մուրադյանը հակադարձեց. «Նա փորձել է գնահատել այս պահին մեկնարկային այն իրավիճակը, որտեղ ինքն է եւ ինչ ուղղությամբ պետք է իրականացնի ծրագրերը: Բայց մենք ունենք նախկին կառավարությունից իրականացվող ծրագրեր, որոնք հաջողություն են ունեցել, որոնք շարունակականություն պիտի ունենան»:
Տիկին Մուրադյանն օրինակ է բերում մանկավարժների սոցփաթեթները, որոնք մանկավարժի կյանքի որակի վրա դրական ազդեցություն են ունեցել, ինչն էլ իր հերթին անդրադառնում է կրթության որակի բարձրացման վրա. «Եթե պետությունը դրական պայմաններ է ստեղծում, որպեսզի մանկավարժն առողջ լինի, հանգստի իր իրավունքն իրականացնի, ընտանիքի անդամների ուսման վճարները հոգա, սրտի վիրահատությունների հարցերը, կանացի տարբեր հիվանդությունների դեպքում վիրահատությունները եւ այլն, դա որոշ առումով թեթեւացնում է մանկավարժի սոցիալական բեռը: Սրանք բավական լավ եւ հաջողված ծրագրեր են»:
Հաջողությունների շարքում նա հավելում է նաեւ այն, որ այսօր տարրական դասարաններում երեխաներն ապահովվում են անվճար դասագրքերով, շատ դպրոցներ անվճար համակարգիչներ են ստանում ու ասում, որ պետք չէ ամեն ինչին սեւ ակնոցներով նայել:
Կարդացեք նաև
Իր կարծիքով, փոփոխություններն են շատ արագ եւ մենք խնդիր ունենք զարգացման տեմպերին համահունչ լինելու: Այս իմաստով էլ, համոզված է, որ կառավարությունը կոնկրետ ծրագրեր ունի: Դրանք իր համար տեսանելի են, վստահ է, որ կարճ ընթացքում հանրության համար էլ տեսանելի կդառնան:
Այն, որ կրթության եւ գիտության ոլորտի մասնագետները կառավարության ծրագիրը «դեկլարատիվ» որակեցին, մեր զրուցակիցը բացատրում է. «Եթե կան որոշ դեկլարատիվ դրույթներ, դրանք ապագային միտված ծրագրերն են, որոնք պետք է ունենանք կառավարության երկարաժամկետ ծրագրում»: Դրանց գործնական քայլերի մասով, մեր զրուցակիցը կասկածներ չունի, ժամանակի խնդիր է:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ