2016 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, շարունակվեց «Սվետլանա Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի և ՀՀ Պաշտպանության նախարարության» գործի քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ նախնական դատական նիստին դատարանը պարտավորեցրեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցչին որոշակի պարզաբանումներ ներկայացնել, որի հիմքով էլ դատական նիստը հետաձգվեց:
Դատական նիստին մասնակցում էին հայցվոր Ս. Սարգսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը, ինչպես նաև գործով որպես երրորդ անձ ներգրավված ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչ Նառա Բաղդասարյանը: Պատասխանող ՀՀ Զինվորական կոմիսարիատը չէր ապահովվել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ուստի՝ դատարանը որոշեց դատական նիստը շարունակել պատշաճ ծանուցված կողմի բացակայությամբ: Դատարանի ճշտող հարցին հայցվորի ներկայացուցիչը պատասխանեց, որ ստացել է պատասխանողի առարկությունը և դրա վերաբերյալ գրավոր դիրքորոշում է ներկայացրել դատարանին:
Այնուհետև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մ. Սանթրոսյանը, ի պատասխան դատարանի հարցին, հայտնեց, որ հայցվորի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ Զինվորական կոմիսարիատ արված հարցումն անպատասխան է մնացել, իսկ դրա վերաբերյալ հայցվորի վարչական բողոքում առկա տեղեկատվությունը հիմնված է եղել ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով սահմմանված դրույթների վրա: Դատարանը փորձեց պարզել, թե ըստ օրենքի՝ որ մարմնի կողմից պետք է կատարվի դադարեցված կենսաթոշակի վճարման վերականգնումը, ինչին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչը պատասխանեց, որ 2015 թ. հունվարի 1-ից պարգևավճարի վճարումը կենսաթոշակ նշանակած մարմնի կողմից ուղարկված կենսաթոշակի գործի հիման վրա կատարվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ծառայության կողմից վարչական ակտի ընդունմամբ: Միաժամանակ նշեց, որ կենսաթոշակային գործի ուսումնասիրության արդյունքում Ծառայությունը կարող է վերանայել պարգևավճարի նշանակման հարցը: Դատարանը, համարելով, որ հայցի տեսակը հստակեցնելու համար անհրաժեշտ է պարզաբանումներ ստանալ ՀՀ Զինվորական կոմիսարիատից, որոշեց հետաձգել դատական նիստը և նշանակել այն 2016 թ. նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ