Համահայկական բնապահպանական ճակատն այսօր եկել էր վարչապետ Կարեն Կարապետյանին եւս մեկ անգամ ներկայացնելու, թե ինչու չպետք է շահագործվի Ամուլսարի ոսկու հանքավայրը եւ շահագործվելու դեպքում ինչպիսի վտանգներ են սպառնում շրջակա միջավայրին:
«Այնքան ժամանակ ենք այս խնդրի մասին խոսելու, միջոցառումներ անելու, քանի դեռ չկան դրական արձագանքներ»:
Բնապահպանական ճակատի անդամների խոսքերով, եթե կառավարությունը չհրաժարվի Ամուլսարի ծրագրից, իրենք պարբերաբար կրկնելու են կառավարության հասցեին իրենց հորինած ասացվածքը` «ՀՀ կառավարություն, այ քեզ խայտառակություն»:
Կարդացեք նաև
Ըստ բնապահպան Լեւոն Գալստյանի, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ընթացքում կիրառվելու է նատրիումի ցիանիդ, որը խիստ վտանգավոր միացություն է մարդու առողջության եւ բնական միջավայրի համար. «Այս հանքավայրի շահագործմամբ թունավորման վտանգի առաջ են կանգնում Հայաստանի ջրային պաշարները: Ռազմավարական նշանակություն ունեցող Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ավազանների բնական միջավայրը, Որոտան-Արփա-Սեւան ջրատար թունելն ու տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սեւանա լիճը»:
Կառավարությունից որեւէ արձագանք չստանալով, բնապահպանները շարժվեցին դեպի հանքը շահագործող ընկերության` «Լիդիան ինթերնեշընըլ»-ի գրասենյակ, որն ընդամենը մի քանի քայլ այն կողմ էր կառավարության շենքից: Ըստ բնապահպանների, այս ընկերությունը գրանցված է բրիտանական օֆշորում եւ անհայտ ծագման ընկերություն է:
Նրանք ճանապարհին վանկարկում էին` «Մենք քիչ ենք, բայց մեզ բնապահպան են ասում», «Կանաչ, մաքուր Հայաստան»:
Բնապահպան Ապրես Զոհրաբյանը «Լիդիան ինթերնեշընըլ»-ի գրասենյակի մոտ ասաց` «այնպես պետք է անենք, որ այս ընկերության բաժնետոմսերը արժեզրկվեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ