Հայաստանը և Ռուսաստանը սկսել են Հայաստանի զինված ուժերում շարք դրված Տ-72 հիմնական մարտական տանկերի արդիականացման խոշոր ծրագիր: Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը, տանկերը կարդիականացվեն մինչև Տ-72Բ4 մակարդակ, որոնցով հանդես էին գալիս «Տանկային բիաթլոնի» մասնակից թիմերը:
Թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում էր տանկերի արդիականացման շուրջ պայմանագիր ստորագրել լեհական Bumar Łabędy ընկերության հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարբերականին հայտնել է, որ տանկերի կատարելագործման աշխատանքներն արդեն սկսվել են: Նրա խոսքով՝ արդիականացման ենթակա տանկերի թիվը և աշխատանքների ավարտի ժամկետները դեռ հստակ չեն:
Թերթը, վկայակոչելով սեփական աղբուրները, գրում է, որ խոսքը մի քանի տասնյակ տանկերի մասին է:
Կարդացեք նաև
«Տանկերը կարդիականացվեն մինչև բիաթլոնյան տարբերակի մակարդակ՝ այսինքն՝ Տ72Բ4, որն ունի մանևրումների բարելավված բնութագրիչներ և ռազմական ցուցանիշներ,- ասել է թերթի զրուցակիցը:- Ընդ որում, հիմնական աշխատանքները կտարվեն Հայաստանում, ինչը թույլ կտա հայկական կողմին նվազեցնել դրանց ծախսը, իսկ դա նշանակում է՝ արդիականացնել առավել մեծ թվով տանկեր»:
Տ-72Բ4 տանկերի մշակող և արտադրող «Ուրալվագոնզավոդ» կորպորացիան հրաժարվել է այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ