Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում կառավարություն նախագծի փաթեթ ներկայացնել Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ, նշելով, որ այս հանձնարարականը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փորձեց ճշտել, թե լուծարվելուց հետո տեսչության գործառույթը ո՞ր մարմնին է անցնելու, որովհետև, ինչպես հայտարարեց նախարարը՝ «Ես տեղյակ չեմ ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց. «Ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները, և մի շարք գործառույթներ ընդհանրապես հնացած են, այդ գործառույթներն ընդհանրապես երկրին ու բիզնեսին օգուտ չեն տալիս, դրանք վերացվում են: Իսկ այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են, միավորվում են: Տվյալ պարագայում առաջարկությունն այն է, որ եթե խոսքը վերաբերում է պետհամարանիշներ տրամադրելուն և այդ մեքենաները օգտագործելուն, այդ մասով տալիս ենք ոստիկանությանը: Մյուս բոլոր գործառույթները ուղղակի վերացնում ենք»:
Վարչապետն Իգնատի Առաքելյանին հարցրեց՝ «Իրա գործառույթները ձեզ բավարարո՞ւմ էին», ինչի պատասխանը եղավ. «Իմ մտքին կար, որ դա պետք ա լուծարվի, ուղղակի…»: «Դե տեսնում եք, ձեր միտքը հաշվի առնելով, պարոն Առաքելյան, կրճատում ենք: Ինքն ընդհանրապես որևէ գործառույթ չունի իրականացնելու»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ