Գործարարությանն աջակցող ավելի քան 100 կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներից հավաքվել էին այսօր Երևանում East Invest 2 կոնֆերանսին` քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում քաղաքականության մշակմանը մասնավոր հատվածի ներգրավվածության հարցեր:
Միջոցառումը Հայաստանում EU4Business` «ԵՄ-ն բիզնեսի համար» շաբաթվա մաս է կազմում` Եվրոպական հանձնաժողովի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպության, Միջազգային առևտրային կենտրոնի ներկայացուցիչների և East Invest 2 կոնսորցիումի գործընկերների մասնակցությամբ:
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Մեթյու Բուսքեի խոսքով, «այս կոնֆերանսը հիանալի հնարավորություն էր մեկտեղ հավաքելու ԱլԳ երկրներում գործարարության աջակցման կազմակերպություններին: Ես վստահ եմ, որ այսօր մենք ևս մեկ քայլ առաջ կատարեցինք բիզնեսի աջակցության համար` նրանց ձայնը լսելու և նրանց համար նոր շուկաների հասանելիության առումով»:
Հայաստանի կառավարության անունից ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ողջունեց մասնակիցներին` հայտարարելով, որ բարձր է գնահատում գործընկերների տարեկան կոնֆերանսի հյուրընկալումը: Նա ընդգծեց, որ East Invest-ը կարևոր նախաձեռնություն է` օգնելու ԱլԳ գործարարության աջակցման կազմակերպությունների հզորացմանը, որպեսզի վերջիններս առավել արդյունավետ աջակցեն տեղական ՓՄՁ-երին ԵՄ շուկա մուտք գործելու հարցում:
Կարդացեք նաև
Գործընկերների տարեկան կոնֆերանսը գործարարության աջակցման կազմակերպությունների համար բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու ԵՄ East Invest 2 ծրագրի գործունեությանն ու դրա դերակատարությանը ԵՄ ու Արևելյան գործընկեր երկրների տնտեսական համագործակցության խթանման գործում: Այն նաև հնարավորություն տվեց գործարար շրջանակներին գտնելու նոր գործընկերներ համագործակցության համար և ներկայացնելու իրենց փորձը:
Այս տարվա կոնֆերանսի հիմնական թեման գործարարության աջակցման կազմակերպությունների անունից տարածաշրջանային դիրքորոշման փաստաթղթի մշակման գործընթացի մեկնարկն էր`Արևելյան գործընկերության վեց երկրներում քաղաքականություն մշակող կառույցներին ուղղված առաջարկություններով: Մասնակիցները մանրամասն քննարկեցին Հանրային-մասնավոր երկխոսության դերի, ճիշտ գործընթացների կարևորության և այդ ամենն աշխատունակ դարձնելու համար անհրաժեշտ հաջող երկխոսության ու լավագույն փորձի վերաբերյալ հարցեր:
Քննարկումների հատուկ թեմաներից էին շուկաների հասանելիության բարելավման և գլոբալ արժեքային շղթաների ինտեգրման, անհրաժեշտ ֆինանսների մատչելիության, հմտությունների և նորարարության խնդիրները:
Տարածաշրջանային դիրքորոշման փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև 2017թ. հունիս:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ