Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։ Ոստիկանությունը նաեւ տեսանյութ եւ լուսանկար հրապարակեց ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը։ Դատելով վերը նշվածից, կարելի է ենթադրել, որ Տեփանոսյանի սպանության համար վարույթն իրականացնող մարմինը առաջիկայում մեղադրանք կառաջադրի Սմբատ Բարսեղյանին։
Նրա պաշտպան Հայկ Ալումյանը «ՀԺ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ Տեփանոսյանի սպանության համար Սմբատ Բարսեղյանին մեղադրանք չի առաջադրվել եւ որեւէ նախադրյալ չի տեսնում այդպիսի մեղադրանք առաջադրելու։
Ալումյանն, ի դեպ, նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն է կատարվել, սակայն չմանրամասնելով, թե ում մասնակցությամբ։ Նա ասաց, որ այդ տվյալները նախաքննական գաղտնիք են հանդիսանում։
ՀՔԾ-ն իր նախօրեի հաղորդագրությունում նաեւ նշել էր, որ ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել են եւս երկու զինյալներ, երկու ինքնաձիգներով, ովքեր նույն օրն իսկ աննկատ լքել են գնդի տարածքը, հետները դուրս բերելով նաեւ գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի երկու ատրճանակ։ Նրանք հայտնաբերվել եւ ներգրավվել են որպես մեղադրյալ։
Կարդացեք նաև
«ՀԺ»-ի տեղեկություններով, երկու զինյալներից մեկը «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդին է եղել՝ Կարենը, իր ընկերոջ հետ։ Հիշեցնենք, որ Կարեն Հակոբյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 28-ին եւ մի քանի օր անց ստորագրությամբ ազատ արձակվել:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում