Յուրաքանչյուր պետություն կայացման նախնական հանգրվաններում մշտապես բախվում է իր գոյությանը սպառնացող այնպիսի վտանգների, որոնց հաղթահարումը տեւական ժամանակ ու ջանքեր է պահանջում։ Մեզանում նման երեւույթի տիպական դրսեւորումը դարձավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը։
Վերջին 17 տարիների ընթացքում ինչ ասես չգրվեց այդ մասին, ով ասես չօգտագործեց այդ ողբերգությունը քաղաքական դրդապատճառներով եւ սեփական հակառակորդներին վարկաբեկելու համար։ Սակայն ժամանակի ընթացքում որքան մեծացավ անցյալը ներկայից բաժանող հեռավորությունը, այնքան ակնհայտ դարձավ, որ հոկտեմբերի 27-ը նախեւառաջ մեր երիտասարդ պետականության խոցելիության ու անփորձության վկայությունն էր։ Ուրեմն մեղավորներ փնտրելուց առաջ պետք է մտածել երեւույթը ծնող պատճառների վերացման մասին։
Պատճառն այն է, որ լինելով աշխարհաքաղաքական շահերի սուր բախման հանգույցներից մեկում եւ զգալով դրանց վերահսկողության համար ընթացող պայքարի ուժն ու ընդգրկումը, պետք է կարողանանք երկրի ներքաղաքական գործընթացները տարանջատել արտաքին դաշտերից բխող անկանխատեսելի ազդակների անմիջական ներգործությունից։ Այդ խնդիրը հրատապ է նաեւ այժմ, քանզի Հայաստանը ներկայումս թեւակոխում է ներքաղաքական պայքարի ու բեւեռացման մի նոր հանգրվան, որը կարող են իրենց նպատակների համար օգտագործել նաեւ արտաքին ուժերը։
Չմոռանանք, որ միայն վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել են զենքի միջոցով ներքաղաքական խնդիրներ լուծելու մի քանի՝ ձեւով տարբեր, բայց էությամբ հոկտեմբերի 27-ին նման փորձեր։ Սակայն, ի տարբերություն 1999-ին ձեռք բերված դաժան փորձառության, դրանք իրենց ծավալման որոշակի հանգրվանում կասեցվել են մեր իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի շնորհիվ։
Կարդացեք նաև
Հասկանալի է, որ նոր ընտրաշրջանի մոտենալու հետ կապված այդօրինակ զարգացումների հավանականությունն ամենեւին էլ չի բացառվում, ուստի մեծանում է նաեւ դրանք թույլ չտալու հարցում բոլորի ուսերին ընկնող ընդհանուր պատասխանատվությունը։ Հոկտեմբերի 27-ը մեզ արդեն ապացուցել է, որ ժամանակին չկասեցված ամեն մի նման դեպք տարիներով հետ է գցում մեր երկրի զարգացման ընթացքը, թունավորում ներքաղաքական պայքարի ողջ մթնոլորտը, ստեղծում փոխադարձ օտարման ու թշնամանքի վրա հիմնված միջավայր։
Այդպես եղավ 1999-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած տարիների ընթացքում, երբ պահանջվեցին հսկայական ջանքեր քաղաքական դաշտը վերափոխելու, առանձին ուժերի հարաբերությունները կարգավորելու եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար։
Հայաստանի պետականությունը ներկայումս զգալիորեն մեծացրել է իր ներքին իմունիտետը, ձեռք բերել ֆորս մաժորային իրավիճակներում գործելու փորձ ու հմտություն, կարողացել ժամանակին հակազդել ներքաղաքական կացության ապակայունացման ներուժ պարունակող գործընթացներին։ Ուստի այժմ դժվար է պատկերացնել, որ արկածախնդիրների մի խումբ կարող է սպառնալիք ստեղծել նրա հիմնական հաստատությունների ու առանցքային դեմքերի անվտանգության համար։
Պետականության ամրապնդման փաստը մեզ՝ Հայաստան երկրի քաղաքացիներիս, չի ազատում պատասխանատվության սեփական բաժնից։ Դա առաջին հերթին վերաբերում է երկրում գործող քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին, որոնց փոխադարձ անհանդուրժողականությունը եւ առաջնության ձգտումը չպետք է հանգեցնի բարիկադային տրամադրությունների ձեւավորման։
Ի վերջո՝ մենք մի ընդհանուր նավի մեջ ենք, որն անընդհատ ճոճելու դեպքում միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնց կթվա, թե իրենք ի վիճակի են բոլոր հարցերը լուծել միանգամից ու միայն իրենց ուզած ձեւով։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում