«Կարծում եմ՝ հոկտեմբերի 27-ը աննախադեպ երեւույթ է եւ պետության զարգացման ընթացքը՝ եթե չասեմ ետ շպրտեց, գոնե կանգնեցրեց»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը:
Նա նշեց, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող էր խաթարվել. «Ես կարծում եմ, ի պատիվ մեր ժողովրդի, այն ժամանակ կառավարման մեջ գտնվող մարդկանց, արեցին հնարավորինս, որ այդ գործընթացները ավելի չխորանան: Իհարկե, դրանից հետո յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր համակարգ, յուրաքանչյուր ժողովուրդ պարտավոր է նաեւ հետեւություններ անել եւ մենք պետք է այնպես անենք, որպեսզի նման երկրորդ երեւույթը թույլ չտանք»:
Նա հավելեց, որ հասարակությունում կան զինված ապստամբության համակիրներ, սակայն ըստ նրա՝ այդ տրամաբանությունը ճիշտ չէ. «Մենք այսօր գտնվում ենք 21-րդ դարում, շատ-շատ միջոցներ կան նպատակներին հասնելու համար, համակարգ փոխելու համար, իրավիճակ փոխելու համար, բայց ոչ երբեք զինված ապստամբությամբ, քանի որ դրա հետեւում նաեւ արյուն է, նաեւ զոհեր են, նաեւ թշվառություն է եւ շատ-շատ ավելի վատ բաներ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ