2016թ. հոկտեմբերի 26-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերան Նիկիտա Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը հրավիրված էին ՌԴ-ում ՀՀ հասարակական կազմակերպությունների և համայնքի ներկայացուցիչներ:
Շնորհավորելով Նիկիտա Սիմոնյանին 90-ամյա հոբելյանի և շնորհված պետական բարձր պարգևի կապակցությամբ` ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդգծեց լեգենդար ֆուտբոլիստի անգերազանցելի դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում, որի շնորհիվ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նվաճեց խորհրդային ֆուտբոլի բարձունքները:
Նիկիտա Սիմոնյանն իր հերթին նշեց, որ իր համար չափազանց մեծ պատիվ է նման պարգևին արժանանալն ու երախտագիտություն հայտնեց ՀՀ նախագահին` բարձր գնահատականի համար:
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
Մամլո ծառայություն