Այժմ էլ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրն է փորձում նոր ուժ ձեւավորել, որը հանդես է գալիս մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների հետ համատեղ։
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առաջին աստիճանի Մարտական խաչի ասպետ-հերոս, գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, չորս ամիս առաջ իր համախոհների հետ հիմնել է «Միասնական Արմենիա» կազմակերպությունը։ Իր ասելով՝ ինքն է հղացել այդ գաղափարը։
«Շարժում ենք սկսել, ուզում ենք, որ ԱԺ-ում ստեղծվի երկրորդ պալատ, կարող է կոչվել կոնգրես, սենատ, բայց պետք է մի պալատ, որտեղ ընդգրկվեն սփյուռքահայերից պատգամավորներ, այսինքն՝ ամեն մի համայնքից պետք է ընտրվի մի պատգամավոր։ Ամեն մի 100 հազարանոց համայնքից պետք է ընտրվի մի պատգամավոր, որպեսզի նրանք իրավունք ունենան Հայաստանի տնտեսական, քաղաքական, ռազմավարական կյանքում իրենց խոսքն ասել: Մեր կարգախոսն է՝ Հայաստանը բոլոր հայերի համար է, ոչ թե միայն հայաստանցիների»,- ասաց Արթուր Ալեքսանյանը։
Թե ինչու են ընտրել «Արմենիա»-ն, ոչ թե «Հայաստան»-ը, Ալեքսանյանն ասաց, որ «Արմենիա»-ն միջազգային բառ է, բոլորին հասկանալի, իսկ ռուսերեն հնչելու է «Единая Армения», անգլերեն՝ «United Armenia»
Կարդացեք նաև
Պարզվում է, որ այս նախաձեռնությանը, դեռ օրորոցում, ծանոթացել է Սերժ Սարգսյանը։ Արթուր Ալեքսանյանը, նախքան իր գաղափարը կյանքի կոչելը՝ հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ նրան իրազեկել այդ մասին։ Սերժ Սարգսյանն էլ հավանություն է տվել գաղափարին, սակայն միաժամանակ հայտնել, որ ինքը չի պատկերացնում, թե ինչպես պետք է այն իրագործել։
Արթուր Ալեքսանյանը ասաց, որ Սփյուռքից կան բազմաթիվ արձագանքներ, շատ անհատներ ու կազմակերպություններ են միացել իրենց։
Հետաքրքրվեցինք, թե «Միասնական Արմենիան» մասնակցելո՞ւ է ԱԺ ընտրություններին։ Արթուր Ալեքսանյանն ասաց, որ իբրեւ շարժում, իբրեւ կազմակերպություն, իրենք առայժմ չեն կարող ոչ մեկին ներկայացնել որպես ԱԺ պատգամավոր։
«Դեռ շարժումն ենք ակտիվացնում, պետք է այն հասանելի դարձնենք։ Մենք աջակցելու ենք այն կուսակցություններին, որոնք համամիտ են մեր գաղափարներին եւ պայմանագիր կկնքեն, որ մեր գաղափարների լոբբինգն անեն»,- ասաց մեր զրուցակիցը։
«Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական, «Ոստան հայոց» ռոք խմբի հիմնադիր Արեգ Նազարյանը թվարկում է այն մարդկանց, որոնք այսօր համակարգում են «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնությունը, որը համագործակցում է «Միասնական Արմենիայի» հետ՝ Խաչիկ Չալիկյան, Ռուբեն Կարապետյան, Եղիշե Պետրոսյան, Վարդան Խաչատրյան։ «Նախաձեռնությունն սկսեցինք 2-3 ամիս առաջ, առայժմ միտում չունենք վերածվելու կուսակցության»,- ասաց մեր զրուցակիցը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում