Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց նախարարներին

Հոկտեմբեր 27,2016 11:03

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ նախարարներին նորից հանձնարարականներ տվեց:

Վարչապետը հանձնարարեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 31-ին հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նախարարներն իրենց ոլորտները ներկայացնեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձեւաչափով եւ բխեցնելով կառավարության ծրագրային դրույթներից:

Վարչապետն ասաց, որ անհրաժեշտ է պատգամավորներին եւ հանրությանը մատչելի եւ հասկանալի ներկայացնել բոլոր այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձեւավորվել են բյուջեները. «2-րդը՝ անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական եւ քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի ու անհրաժեշտության մասին»:

Կարեն Կարապետյանը նաեւ հանձնարարական տվեց բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներին: Այս նախարարություններն, ինչպես որ հանձնարարեց վարչապետը, համագործակցելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, 15-օրյա ժամկետում պետք է ջրի ազգային խորհրդին ներկայացնեն փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների եւ շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ:

Այդ առաջարկություններն ինչպես նշվեց կառավարությունում, պետք է վերաբերեն 2009 թվականի հունվարի 22-ին կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայմանը: Ըստ հանձնարարականի, պետք է անդրադառնալ Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Ազատ, Արփա եւ Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարությանը:

Իսկ բնապահպանական խնդիրները մեղմելու համար էլ հանձնարարվեց անդրադառնալ 20 տարի շարունակ օգտագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառմանը:

Վարչապետի խոսքերով՝ «Մենք արդեն ունենք բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ հիդրոէլեկտրակայանների քանակը ավելի շատ է նախատեսված, քան երեւի պետք էր: Կարծում եմ, այնտեղ լուծումներ կան՝ ջրօգտագործման թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկայի նախարարությունից ակնկալում ենք, որ իրենք այս հարցին մոտենան այնպես, որպեսզի էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված եւ կան խնդիրներ»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ առաջարկեց այդ գետերի ցանկում ավելացնել Սեւան թափվող բոլոր գետերը. այս առաջարկությունն ընդունվեց:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31