Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխադարձ պատասխանատվություն

Հոկտեմբեր 27,2016 10:10

Վարչապետի երեկվա հանձնարարականների մեջ, որոնք ուղղված էին պետական գերատեսչություններին, իմ կարծիքով, ամենակարեւոր նախադասություններն էին. 1/ Հասարակությանը եւ հանրությանը կանոնավոր կերպով տեղեկացնել կատարված աշխատանքների մասին՝ ապահովելով հետադարձ կապը, ներկայացնել, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում (ի դեպ, հանրությունն ու հասարակությունը տվյալ դեպքում նույն բանն են-Ա. Ա.): 2/ Ապահովել հետադարձ կապ հասարակության հետ պաշտոնական կայքերի, պատասխանատու անձանց միջոցով: 3/ Վարչապետը իր աշխատակազմին հանձնարարել է նաեւ հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաեւ կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար:

Իսկապես, առանց հասարակության հետ մշտական փոխադարձ կապի այսօր, մեր իրավիճակում առաջ գնալ հնարավոր չէ: Հուսամ, որ դա ժամանակավոր «մեկշաբաթյակ» կամ «մեկամսյակ» չէ, այլ մտածած ռազմավարություն, որը պահանջում է ավելի պատասխանատու աշխատանք նախեւառաջ չինովնիկներից, իսկ այնուհետեւ նաեւ ՝ նրանց PR պատասխանատուներից եւ (չզարմանաք)՝ նաեւ մեզնից, լրագրողներից:
Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, բերեմ մի օրինակ՝ առաջինը, որ մտքիս եկավ: Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչու չի կառուցվել հյուսիս-հարավ ճանապարհը, որի շինարարությունը սկսվել է 6 տարի առաջ:

Եթե նման հարց տրվի տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարին, նա չպիտի մտածի, որ հարց տվողը լրտես է եւ խառնակիչ, ինչպես նաեւ չպիտի ակնկալի միայն հիացական հրապարակումներ: Նա չպիտի ասի նաեւ՝ ինչ եղել-եղել է, դա իմ գործը չէ: Որեւէ մեկին մեղադրելը, իհարկե, ինքնանպատակ չէ, բայց շինարարության փողերի մեծ մասը մենք վերցրել ենք, որքան հասկանում եմ, պարտքով, որը ծանրանալու է հետագա սերունդների ուսերին: Երբ այդ շինարարությունը շարունակվի, նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն պիտի լիարժեք տեղեկատվություն ունենա ամեն մի մետրի եւ ծախսվող ամեն մի լումայի մասին: Ցանկալի է, որ այդ պատասխանատուն ամեն օր դրա մասին ոչ միայն գրի իր գերատեսչության կայքում, այլեւ ավելի «ոչ ֆորմալ», մարդկային լեզվով գրառում անի իր ֆեյսբուքյան էջում, ինչպես որ դա անում էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քառօրյա պատերազմի ժամանակ: Որովհետեւ մեր տնտեսության մեջ կատարվող ցանկացած իրադարձություն անմիջական կապ ունի պատերազմի հետ, եւ ցանկացած գողացած լումա մի փամփուշտ է՝ ուղղված մեր զինվորների թիկունքին:

Մենք էլ՝ լրագրողներս, պետք է հետեւողական լինենք այդ մետրերի ու լումաների շարժին եւ ահազանգենք, երբ դրանք «կորում» են՝ եւ ոչ միայն ամեն օր «սենսացիոն» եւ «բացառիկ» բացահայտումներ անենք քաղաքական խարդավանքների եւ բամբասանքների մասին: Նախարարները չպիտի «թռնեն» կառավարության նիստից հետեւի դռնով, այլ պետք է համբերատար պատասխանեն լրագրողների հարցերին: Բայց նաեւ մենք պիտի մտածենք, որ մեր հարցերը քիչ թե շատ իմաստալից լինեն:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ինքնաքննադատությունը անսովոր է, տպավորիչ:
    Եւ ափսոս, շատ տեղին…

    Իսկ այս ճանապարհի կառուցման իրոք արտակարգ ուշացումի նիւթով, ինչպէս նաեւ նոյն տիպի նիւթերում, ինչո՞ւ նաեւ խնդիրը «չհետապնդէք» Հայաստան Հիմնադրամի վարչականների մօտ, ներառեալ Սփիւռքի պատասխանատուները – նկատի ունենալով որ այդ ոլորտը քաղաքական չէ կամ պէտք չէ լինի – :

    (Հռետորական հարցում է անշուշտ, առաջարկ է, պատասխանի կարիքը չկա) :

  2. Լավատես says:

    Ա Պետական ազգային խնդիրները մի կարգ ավելի բարդ են, քան մասնավոր ընտանեկան խնդիրները, դրա համար էլ կառավարությունում պաշտպանել եւ աջակցել պետական մտածողությամբ ծառայողներին եւ դուրս հրավիրել մասնավոր մտածողությամբ հին համակարգից մնացածներից
    Բ Պետական արտադրությունները, պետական հաստատությունները ոչ միայն պետք է լինեն լավագույնները մասնավորների հետ համեմատած, այլեւ լինեն մասնավոր արտադրությունների ու մասնավոր հաստատությունների ձեւավորման, զարգացման, պաշտպանության ու աջակցության երաշխիքը
    Գ Պետական կառույցներում պետք է աշխատեն ազգի լավագույներից լավագույները՝ ազնվական սերուցքը, որը ազգի համար պետք է լինի սեփական զարգացման ուղենիշ, իսկ բարեկամ թե չար ազգերի մոտ էլ բարի թե չար նախանձը շարժեն:
    Դ Որպեսզի մեր ռազմավարական խնդիրների լուծումը կախված չլինի վերպետական կառույցների դրամական շռայլություններից կամ էլ հակառակը՝ ժլատությունից, ողջ ռազմավարական հումքն ու արտադրանքը ներկայացնում ենք ներքին ներպետական արտադրանքային բորսայում (ես էլ չհասկացա թե ինչ գրեցի 🙂 ) :

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31