Այս հարցին պատասխանելուց առաջ թերեւս անհրաժեշտ է նշել, թե ի՞նչ է Սահմանադրությունը եւ ի՞նչ է կոռուպցիան: Չխորանալով մանրամասների մեջ՝ նշենք, որ Սահմանադրություն ասելով ընդհանուր առմամբ հասկանում ենք մի այնպիսի իրավական բարձրագույն ուժ ունեցող փաստաթուղթ, որը որոշակի՝ հիմնարար եւ ածանցյալ սկզբունքների հիման վրա կարգավորում է կոնկրետ իրավահարաբերություններ: Այդ սկզբունքներից թվարկենք միայն մի քանիսը. ա) իշխանությունը պատկանում է ժողովրդին, բ) իշխանությունը սահմանափակված է իրավունքով, գ) իշխանությունների բաժանում, դ) մարդու եւ քաղաքացու իրավունքների հաստատում եւ պաշտպանություն, դատական իշխանության անկախություն, օրենքի առջեւ հավասարություն, պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված գործողություններ եւ այլն: Նշենք նաեւ, որ թվարկված եւ մի շարք այլ սկզբունքների միջոցով, այսինքն՝ Սահմանադրությանը համապատասխան, անհրաժեշտ է իշխանությունը սահմանափակել, ինչն էլ հենց կազմում է Սահմանադրության էությունը եւ նպատակը:
Իսկ ի՞նչ է կոռուպցիան: Թվարկենք մի քանի առանձնահատկություններ, որոնց ամբողջությունն էլ հանգեցնում է կոռուպցիայի: Առաջին՝ անձնական շահի հետապնդում, երկրորդ՝ բարձրագույն պաշտոնատար անձանց մասնակցություն, երրորդ՝ համակարգային բնույթ, չորրորդ՝ շարունակական, տեւական բնույթ եւ այլն: Նշենք նաեւ, որ կոռուպցիան ներառում է բազմաթիվ՝ մի քանի տասնյակ հանցագործություններ (պաշտոնեական դիրքի չարաշահում, կաշառակերություն եւ այլն), որոնցից յուրաքանչյուրի համար քրեական օրենսգիրքը սահմանում է համապատասխան պատիժներ, այնինչ կոռուպցիայի համար պատիժ նախատեսված չէ քրեական օրենսգրքով:
Ավելացնենք նաեւ, որ այդ հանցագործություններից որեւէ մեկի առկայությունը կոռուպցիայի հետ որեւէ առնչություն չունի: Դա կոնկրետ մարդու կատարած կոնկրետ հանցագործություն է: Իսկ եթե այդ կոնկրետ հանցագործությունը ընդհանուր առմամբ համապատասխանում է վերը թվարկված հատկանիշներին, ապա այդ դեպքում արդեն պետք է խոսել կոռուպցիայի մասին:
Դժբախտաբար, երբ արձանագրվում է որեւէ կոնկրետ՝ կոռուպցիայի մեջ ներառվող հանցագործություն, ապա այն ներկայացվում է հենց այդպես՝ իբրեւ կոնկրետ անձի կատարած կոնկրետ հանցագործություն՝ առանց համապատասխան հետեւությունների եւ ընդհանրացումների: Այնինչ շատ դեպքերում ակնհայտ է, որ առանց համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձանց թողտվության նման հանցագործություն պարզապես չէր կատարվի:
Կարդացեք նաև
Շատ է խոսվում կրթական, առողջապահական, ոստիկանական, մաքսային եւ բազմաթիվ այլ համակարգերում կոռուպցիայի առկայության մասին, սակայն դրանք շարունակում են մնալ որպես խոսակցություններ, ինչպես ասում են՝ սայլը տեղից չի շարժվում: Բանն այն է, որ եթե դասախոսը (բժիշկը, ոստիկանը, մաքսավորը եւ այլն) ուսանողից կաշառք է ստանում, ապա այն հաջորդ պահին հայտնի է դառնում իր շրջապատին, որովհետեւ ուսանողը ստուգարքը ստանալուց հետո անմիջապես այդ մասին տեղյակ է պահում իր ընկերներին, անգամ կարող է նաեւ հպարտանալ: Հետեւաբար այդ մասին անմիջապես տեղյակ են դառնում նաեւ ամբիոնի վարիչը, դեկանը, պրոռեկտորը, ռեկտորը, ինչու չէ՝ նաեւ ավելի բարձր պաշտոններ զբաղեցնողները: Նույնը վերաբերում է նաեւ մյուս ոլորտներին: Այսինքն՝ ստացվում է, որ բոլորը այդ մասին տեղյակ են՝ բացի համապատասխան պատկան մարմիններից:
Այստեղից, կարծում եմ, կարելի է եզրակացնել, որ այդ բարձրաստիճան պաշտոնյաները կամ մաս ունեն, կամ իրավունք չունեն զբաղեցնելու այդ պաշտոնները, սակայն ինչպես տեսնում ենք՝ շարունակում են մնալ իրենց պաշտոններում: Բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք հաճախ իրենց շրջապատում իրենք իրենց արդարացնելու համար ասում են, որ իրենք տեղյակ են, բայց նրանց ստացած աշխատավարձը ցածր է, այդ պատճառով էլ այդ ղալաթը կատարել են, կամ էլ եթե աշխատանքից ազատենք, նրա երեխաները սոված կմնան:
Այժմ անդրադառնանք այդ երկու հասկացությունների փոխհարաբերությանը: Եթե վերցնենք կոռուպցիոն հանցագործություններից որեւէ մեկը, ասենք՝ կաշառակերությունը, ապա ակնհայտ է, որ կաշառք տվողը ակնկալում է դրա դիմաց ստանալ որեւէ արտոնություն, այսինքն՝ մյուս բոլոր կաշառք չտվողների համեմատ նա ունի կոնկրետ առավելություն, հետեւաբար խախտվում է տարրական հավասարության սահմանադրական սկզբունքը: Եթե կաշառք տրվում է դատավորին, ապա ակնհայտ է, որ խախտվում է դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը: Եթե պետական մարմինների ընտրության ժամանակ տրվում է ընտրակաշառք, ապա հասկանալի է, որ խախտվում է ընտրական իրավունքի սահմանադրական սկզբունքը: Եվ այսպես շարունակ: Ինչպես արդեն նշել ենք, եթե կոռուպցիան ունի համակարգային բնույթ եւ տեւական է, ապա կարող ենք ասել, որ սահմանադրական սկզբունքները լիակատար չեն կարող գործել, իսկ եթե դրանք չեն գործում, ապա կարելի է եզրակացնել, որ չի գործում Սահմանադրությունը:
Մի հանգամանք եւս: Սահմանադրությունը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլեւ, առաջին հերթին, քաղաքական փաստաթուղթ է, ինչը նշանակում է, որ քաղաքական ուժերը փոխադարձ համաձայնության են եկել քաղաքական պայքարը վարել միեւնույն՝ նախապես պայմանավորված կանոններով: Այլ կերպ ասած՝ Սահմանադրությունը պայմանագիր է, որով սահմանվում են քաղաքական ուժերի հետագա գործունեության «խաղի կանոնները», որի միջոցով կարելի է խուսափել հասարակական ցնցումներից եւ ստեղծել հասարակական համաձայնության, փոխադարձ վստահության միջավայր: Սա իր հերթին նշանակում է, որ իշխող քաղաքական ուժերը անհրաժեշտաբար որոշակի պայմաններ պետք է ստեղծեն ընդդիմադիր ուժերի համար՝ մշտապես հիշելով, որ ցանկացած իշխող ուժ ուշ կամ շուտ ինքն է դառնալու ընդդիմություն, հետեւաբար իշխանությունը կորցնելուց հետո կհայտնվի այնպիսի վիճակում, ինչպիսին ինքը իր ժամանակին ապահովել է ընդդիմության համար:
Այս երկու հասկացություններին արդեն թռուցիկ ծանոթությունը ակնհայտ է դարձնում, որ դրանք անհամատեղելի են: Պետք է լինի կամ մեկը, կամ մյուսը, դրանք չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ:
Այժմ երկու խոսք կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Հայտնի է, որ կոռուպցիան գոյություն ունի պետության ստեղծման պահից, եւ պայքարը դրա դեմ իրականացվում է դարեր շարունակ: Չնայած այդ հանգամանքին՝ կոռուպցիան արմատախիլ անել վերջնականապես չի հաջողվում: Գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան հաճախ հանգեցնում է «գների բարձրացման»: Մյուս կողմից՝ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ կոռուպցիայի դեմ պայքարելիս այս կամ այն մեթոդի կիրառումը առաջացնում է կոռուպցիոն նոր, էլ ավելի կատարելագործված մեխանիզմի ստեղծում: Հետեւաբար պայքարը նույնպես պահանջում է նոր մեթոդների, մոտեցումների կիրառում: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է հետեւողական եւ մշտական աշխատանք:
Այն մեկ հարվածով չես վերացնի. պայքարը պահանջում է պայքար ամբողջ ճակատով, բոլոր ուղղություններով: Եվ, որ ամենակարեւորն է, այդ պայքարում պետք է ընդգրկել հասարակությանը, որն ամենաշահագրգռվածն է այդ հարցում: Չափազանց կարեւոր է տեղեկատվական, ԶԼՄ-ների աշխատանքը:
Օրինակ՝ երբ ԶԼՄ-ում որեւէ տեղեկություն է հայտնվում որեւէ պաշտոնյայի վերաբերյալ, այն պարզապես մնում է անհետեւանք: Այնինչ այլ երկրներում հետեւում է տվյալ պաշտոնյայի հրաժարականը: Ինչո՞ւ: Պարզապես այդ երկրում իշխող քաղաքական ուժը չի կարող այդ պաշտոնյայի պատճառով հաջորդ ընտրությունում կորցնի թեկուզ մեկ ընտրողի քվե, որովհետեւ ընդհանուր առմամբ ընտրության միջոցով է որոշվում տվյալ կուսակցության տեղը իշխանական համակարգում: Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ընդգրկվեն նաեւ իշխանության բոլոր ճյուղերը՝ ե՛ւ դատական անկախությունը, ե՛ւ գործադիր իշխանությունը, ե՛ւ օրենսդիր իշխանությունը, յուրաքանչյուրն իր ոլորտում ստեղծելով անհրաժեշտ մեխանիզմները: Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարը, որը ենթադրում է երկարատեւ ու մշտական աշխատանք, ամենեւին չի նշանակում, որ արդյունքներին պետք է սպասենք տարիներ հետո, այլ կան այնպիսի դեպքեր, որ կարող են ի հայտ գալ շատ արագ, ասենք՝ մեկ ամիս հետո, մյուսները՝ մի քանի ամիս հետո, երրորդները՝ տարիների ընթացքում: Պարզապես անհրաժեշտ է իրական պայքար:
Ընդհանուր առմամբ, կարծում ենք, պարզ է, որ կոռուպցիայի առկայությունը ավելորդ է դարձնում Սահմանադրությունը, իսկ Սահմանադրության չգործելը խախտում է պետության եւ հասարակության ներդաշնակ զարգացման եւ քաղաքական միասնության հնարավորությունը: Կարճ ասած՝ կոռուպցիան պետությունը քանդելու լավագույն միջոցն է:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
17.10.2016
«Առավոտ»
26.10.2016