Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կախված է մեր ցանկությունից

Հոկտեմբեր 27,2016 12:00

«Հայաստանը Եվրամիության անքակտելի մասն է»

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երեքուկես տարի բանակցելուց հետո 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը մտնում է Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միություն, իսկ հետագայում անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը։ Որոշակի շոկից սթափվելուց հետո այս երեք տարիների ընթացքում եվրոպացի պաշտոնյաները շարունակաբար հայտարարում են, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին արգելք չէ ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար:

Օրեր առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Արմենպրես»-ին հայտնեց, որ այս շաբաթ տեղի է ունենալու Հայաստանի եւ Եվրամիության միջեւ շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը: «Դա լինելու է շատ կարեւոր փուլ: Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պատրաստվում են գրանցել վճռորոշ առաջընթաց»,- վստահեցրեց Սվիտալսկին: Դեսպանի բնորոշմամբ՝ Եվրամիությունն այսօր լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, սակայն նա նաեւ հավելեց. «Հայաստանը Եվրամիության մի անքակտելի մասն է: Լինելով առաջին քրիստոնյա պետությունը եւ եվրոպական քաղաքակրթության օրրանը՝ հազարամյակներ շարունակ սերտ կապեր է ունեցել Եվրոպայի հետ: Հայերը Եվրոպայում պետք է զգան՝ ինչպես իրենց տանը»:

Հայաստանն ու Եվրամիությունը իրավական նոր բազայի շուրջ բանակցություններ են վարում արդեն տեւական ժամանակ, կարելի է ասել՝ թեւակոխել է հարաբերությունների նոր փուլ: Տարեսկզբին Սվիտալսկին քննարկումներից մեկի ընթացքում նշեց. «Մենք ամեն տարի 50 միլիոն եվրո ենք ծախսում ի շահ ՀՀ քաղաքացիների, մենք արտաքին առեւտրի խոշոր գործընկերն ու խոշորագույն ներդրողն ենք, օժանդակում ենք ՀՀ-ին կայունացման եւ արդիականացման գործում»: Նրա խոսքով՝ ԵՄ-ն գտնվում է այն ելման կետում, որը հնարավորություն է ընձեռում լինել ե՛ւ եվրասիական ինտեգրման նախագծում ու ՀԱՊԿ անդամության պայմանագրում, ե՛ւ միեւնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, որը Հայաստանի համար խոշորագույն դոնոր է:

Պահանջվում է բեկում կոռուպցիայի դեմ իր պայքարում

ԵՄ դեսպանը, եւ ոչ միայն նա, ոչ մեկ անգամ է արեւմտյան արժեքներին հավատարիմ մնալու` ՀՀ իշխանությունների հայտարարություններին ի պատասխան ընդգծել, որ Հայաստանին բեկում է անհրաժեշտ կոռուպցիայի դեմ իր պայքարում: Այս տարվա մարտի 23-ին Սվիտալսկին «Ազատությանը» տված հարցազրույցում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ շփումների մասին խոսելով եւ կարեւորելով այդ երկխոսությունը` հիշեցրեց, որ Հայաստանի նախագահը, ինչպես նաեւ այլ իշխանավորներ, հայտարարել են, որ Հայաստանը ուզում է ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցել ընդհանուր արժեքների հիմքի վրա. «Այս ընդհանուր արժեքներն են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի իշխանությունը: Եթե դուք ուզում եք ամուր հարաբերություններ կառուցել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի իշխանության գործոնները կարեւոր են: Դրա համար առաջընթաց է անհրաժեշտ, որովհետեւ Հայաստանի կողմից մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը կօգնի ամրացնել մեր հարաբերությունների ընդհանուր հիմքը»։

Խոսելով հակակոռուպցիոն ջանքերին վերաբերող օրակարգային հարցերի մասին` Սվիտալսկին նկատել էր. «Բացի մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությունից՝ մենք ենթահանձնաժողով անցկացրեցինք արդարադատության, ազատության եւ իրավական հարցերի շուրջ: Երկու միտք էր գերիշխում օրակարգում: Մեկը արդարադատության համակարգի բարեփոխումն է, մյուսը՝ կոռուպցիայի դեմ պայքարը: Մենք ծավալուն քննարկում ունեցանք: Հայաստանին բեկում է անհրաժեշտ կոռուպցիայի դեմ իր պայքարում: Մենք մի շարք լավ փաստաթղթեր ունենք, մենք ունենք ռազմավարություն, գործողությունների պլան, հակակոռուպցիոն մարմին, որը ղեկավարում է վարչապետը, բայց մենք կարիք ունենք արդյունքների:

Ունենք ծրագրեր, բայց կարիք ունենք գործողությունների: Հայաստանը անցած տարի, ցավոք, 94-րդ տեղից հայտնվեց 95-րդում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Մինչդեռ հարեւան Վրաստանը 50-րդ տեղից հասավ 15-րդին: Վրաստանը լավ օրինակ է, սա նշանակում է, որ նույնիսկ անցյալի նույն ժառանգությամբ, նույնիսկ մեկ շնչին ընկնող եկամտի նույն մակարդակով հնարավոր է որոշիչ քայլեր անել եւ բեկում մտցնել: Հայաստանի համար կոռուպցիայի դեմ պայքարը, հավանաբար, ամենակարեւոր խնդիրներից մեկն է, խնդիր, որը պահանջում է ազգային համաձայնություն, բոլոր քաղաքական ուժերի միասնականություն, որովհետեւ առանց կոռուպցիայի դեմ պայքարի՝ առաջընթացը բոլոր հնարավոր ոլորտներում՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, շատ դժվար է պատկերացնել: Մենք այս ուղերձն ենք հղել շատ հստակորեն, շատ մանրամասն փաստաթղթեր ենք ստացել հայկական կողմից, երբեմն բավականին անկեղծ գնահատականներ: Մենք ակնկալում ենք գործողություններ»:

Նույն հարցազրույցում Պյոտր Սվիտալսկին նշել էր, թե չի պնդում, որ Հայաստանը պետք է անպայման հետեւի Վրաստանի ուղուն՝ արդարադատության համակարգում կամ ոստիկանությունում կոռուպցիայի դեմ պայքարի գործում, որը Վրաստանում արմատական եղանակով արվեց: «…Նախագահը անձամբ իր` փետրվարին արած շատ կարեւոր ելույթում նշել է նույն խնդիրները, որ ԵՄ-ն է ընդգծել՝ պայքար կոռուպցիայի դեմ եւ դատական համակարգի անկախություն: Նախագահի փետրվարյան ելույթը կարող է լինել արդյունավետ գործողությունների հիմքը»: Դեսպանը շեշտել էր. «Որպեսզի Հայաստանը հաջողի իր հետագա զարգացման մեջ, պետք է անպայման շատ հստակ գիծ անցկացնի քաղաքականության եւ բիզնեսի միջեւ: Դա է անցումային երկրների փորձը: Բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը կարող է շատ վնասակար լինել եւ պետության քաղաքական, եւ տնտեսական կառավարման մոդելի զարգացման համար: Սա մի բան է, որին Հայաստանը, հնարավորություն ունենալով իրականություն դարձնել սահմանադրական փոփոխությունները, պետք է մեծ ուշադրության արժանացնի»:

«B կամ C պլան» չկա

Այսպիսով՝ Հայաստանի հետ ձախողված բանակցություններից հետո ի վերջո ԵՄ-ի հետ փաստաթուղթ կստորագրվի՞: Սվիտալսկին հավաստիացնում է, որ բանակցությունները վարում են դրական ելք ունենալու հիմքով: «Ես կարծում եմ, որ այժմ այն խնդիրները, թե որոնք ենք ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հնարավորությունները, հստակ են: Մենք բանակցում ենք՝ հիմք ունենալով նախագահի, այս երկրի առաջնորդների հստակ հայտարարությունները, այնպես որ՝ մենք B կամ C պլան չունենք, թե ինչ կլինի, եթե բարդացնող գործոն առաջանա»:

ՀՀ-ԵՄ բանակցվող փաստաթղթում, բնականաբար, չի լինի ոչինչ, ինչը կարող է սահմանափակել Հայաստանի «ազատությունը» Եվրասիական տնտեսական միության կազմում: ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները քաղաքական, առեւտրատնտեսական ոլորտներում կելնեն այդ սկզբունքից:

Իսկ Հայաստանի կողմից ԵՄ-ին նոր, տհաճ անակնկալի մատուցման կամ երկարատեւ բանակցություններից հետո կրկին «վատ վերջաբանի» հավանականության վերաբերյալ երբեմն հնչող մտահոգությունների առիթով բանակցող կողմերը առայժմ միայն լավատեսական գնահատականներ են հնչեցնում:

Եվրոպացի դիվանագետները նշում են, որ առաջնորդվում են Հայաստանի ղեկավարության՝ Եվրամիության հետ ամուր հարաբերություններ կառուցելու մասին հայտարարություններով։ «Հայաստանի հետ երկխոսությունը բաց է, դինամիկ եւ դրական։ Ամեն ինչի հիմքում ընդհանուր արժեքներն են: Հայաստանն ունի շատ վառ արտահայտված եվրոպական ինքնություն, Հայաստանը Եվրոպայի օրրանն է, կարելի է այդպես ասել, Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, այս հիմքի վրա են մեր հարաբերությունները զարգանում»,- ամիսներ առաջ շեշտել էր ԵՄ դեսպանը:

Ավելին, դեռ այս տարվա հուլիսին Սվիտալսկին հայտարարեց, որ Հայաստանի հետ վիզայի ազատականացման գործընթացը ԵՄ օրակարգում է. «Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի վիզաների ազատականացման գործընթացը ներառված է Եվրամիության Արեւելյան գործընկերության հաջորդ՝ 2017 թվականի գագաթնաժողովում»: Նա նաեւ հավելեց. «Հենց նոր փաստաթղթեր եմ ստացել Բրյուսելից, որտեղ նշվում են ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների հաջորդ գագաթնաժողովի օրակարգը եւ առաջնահերթությունները: Ընդգծեմ, որ այն շատ լավատեսական է, եւ Հայաստանի հետ վիզայի ազատականացման գործընթացի սկիզբը հենց առաջնահերթ հարցերի շրջանակում է: Հասկանալով նաեւ հայերի հիասթափությունը՝ ուզում եմ նշել, որ Դուք մոռացված չեք, դուք օրակարգում եք»: Դեսպանի խոսքով՝ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները մտել են ինտենսիվ փուլ. «Մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսությունը ավելի լավ զարգանա, աճի զբաղվածության մակարդակը՝ հատկապես երիտասարդների համար: Մենք համարում ենք, որ փոքր եւ միջին ձեռնարկությունները կարեւոր լծակներ են, որոնք կարող են բարելավել Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները»:

Մենաշնորհների վերացում, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքներ` սրանք այն խնդիրներն են, որոնք պետք է հաղթահարի Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Արդյոք Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են ընդունել Եվրամիության կոչերը եւ կիրառել դրանք գործնականում…

ԵՄ-ն շարունակաբար Հայաստանին խրախուսում է այդ ճանապարհին, հորդորում է այս կամ այն ոլորտում առկա խնդիրները հարթել, իսկ թե որքանով խնդիրները լուծելու ընկալում կա իշխանությունների մոտ` դրանք չպետք է արտահայտվեն բացառապես հայտարարություններով, բարի ցանկություններով:

Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության շրջանակներում այս տարին կրկնակի կարեւոր է. տոնեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը եւ Հայաստան-ԵՄ համագործակցության 25-ամյակը: ԵՄ-ի հետ հարաբերությունների ծավալն ու որակը կախված են Հայաստանի ցանկությունից ու հաջողություններից։ Այսօր, առավել եւս ԵՏՄ-ի անդամակցության պայմաններում, ցանկալի է, որ հաջողություններ արձանագրելու գիտակցումը դիտարկվի որպես Հայաստանի քաղաքացիների շահերից բխող հրամայական:
Ամփոփումը՝ վաղվա համարում:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

26.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31