Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջերմուկը կդառնա հանքափորներին սպասարկող քաղաք»

Հոկտեմբեր 27,2016 15:00

Ըստ բնապահպան Լեւոն Գալստյանի՝ իսկ թե հետո ինչպես պետք է վերականգնվի Ջերմուկի՝ առողջարանային քաղաք լինելու համբավը, ոչ ոքի չի հետաքրքրում
Կառավարության նոր ծրագրում մի գլուխ հատկացված է զբոսաշրջության զարգացմանը. «Առկա զբոսաշրջային արդյունքների/ծառայությունների թիրախավորված փաթեթավորում՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա. Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի ճանաչելիության բարձրացում` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով՝ կարեւորելով առցանց սոցիալական հարթակներում Հայաստանի գովազդումը. վեց ամսվա ընթացքում՝ ա. զբոսաշրջային ծառայությունների եւ ենթակառուցվածքների որակի բարելավման նպատակով զբոսաշրջային ծառայությունների որակավորման չափանիշների ներդնում, բ. 60 գյուղական բնակավայրերում գյուղական տուրիզմի փորձնական ծրագրի մեկնարկ, մեկ տարվա արդյունքների ամփոփման հիման վրա գյուղական տուրիզմի զարգացման ազգային ծրագրի մեկնարկ… առողջապահական տուրիզմ, կրոնական, գինու եւ այլն»:

Հայաստանի առողջարանային քաղաքներից է Ջերմուկը, որն ամեն տարի ոչ այդքան մեծ թվով, բայց զբոսաշրջիկների է ընդունում արտերկրից: Մոտ ապագայում, սակայն, ոչ միայն օտարերկրացի, այլեւ տեղական զբոսաշրջիկներն են հրաժարվելու Ջերմուկում հանգստանալուց` հարեւանությամբ որպես հանքավայր շահագործվող «Ամուլսարի» պատճառով: Հինգշաբթի մի խումբ բնապահպաններ պատրաստվում են «Ամուլսարի» թեմայով կրկին բողոքի ցույց անցկացնել կառավարության շենքի առաջ՝ այս անգամ նոր կառավարությանը մատնանշելով այն բոլոր վտանգները, որոնք ի հայտ են գալու հանքը շահագործելու դեպքում:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Ամուլսարի» ծրագրի իրական վտանգների մի մասն ուղղակի անկառավարելի են, գնահատված չեն. «Ո՛չ նախկին կառավարությունն է գնահատել, ո՛չ էլ ներկա կառավարությունը, որը չունի ցանկություն եւ մասնագիտական պաշար իրական գնահատում կատարելու»:

Ըստ Լեւոն Գալստյանի՝ հսկայական հանքարդյունաբերական ծրագիր է իրականացվելու` տարեկան 10 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանմամբ ու վերամշակմամբ հանդերձ, եւ հանքը շահագործող ընկերությունը վստահեցնում է, թե բոլոր ռիսկերը կառավարելի են լինելու:

«Այսինքն` ոչ մի կաթիլ ջուր, փոշու ոչ մի հատիկ ոչ մի տեղ չի տեղափոխվելու եւ ոչ մի տեղ խնդիր չի առաջանալու: Ուղղակի հեքիաթի ժանրից է: Եվ այդ հեքիաթներին մեր նախկին կառավարությունները, չգիտես ինչ-ինչ պատճառներով, հավատացել են ու համաձայնվել են: Համաձայնել են, որ կարելի է այդ տարածքում` Որոտան-Արփա Սեւան թունելից մեկ կիլոմետր հեռավորության վրա, Որոտան-Արփա գետերի մեջտեղում, Սպանդարյան-Կետչուտի ջրամբարների միջնամասում՝ Ջերմուկից 7-8 կիլոմետր հեռավորության վրա, այդ հանքը շահագործել, եւ ոչ մի խնդիր չի առաջանա»: Պարոն Գալստյանն ասաց, որ բնապահպանական ճակատի պահանջներից մեկն էլ նոր կառավարությունից այն է լինելու, թե ով է պատասխան տալու այն հետեւանքների համար, եթե պարզվի, որ ինչ որ գրել է հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը, իրականությանը չի համապատասխանում. «Իսկ մենք համոզված ենք, որ չեն համապատասխանում: Ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե իրականում անկախ գնահատում չի կատարվել: Ենթադրենք` երկու տարի շահագործում են, ոսկու մի քիչ հարուստ հատվածներն օգտագործում են, հետո պարզվում է, որ չկան այդքան պաշարներ, եւ նման վտանգ իրականում կա, որովհետեւ բազմաթիվ երկրաբաններ ասել են, որ խորհրդային տարիներին կատարված հետախուզական տվյալները հաշվի առնելով՝ հնարավոր չէ այդտեղ այդքան պաշարներ լինեն: Մեկ էլ պարզվի, որ հանքը տնտեսապես շահավետ չէ, ու թողնում գնում են՝ ո՞վ պետք է պատասխան տա, ո՞վ պետք է վերականգնի, ո՞վ պետք է փակի այդ հանքը, ո՞ւմ փողերով, ո՞ւմ հաշվին, ու այդ վտանգներն ո՞վ է վերացնելու: Կառավարությունը պետք է ասի, որ ինքը պատասխանատվություն կրում է, եւ եթե ինչ-որ խնդիր առաջացավ, նրանից պատասխանատվություն պահանջենք, որովհետեւ վաղը-մյուս օրը եթե խնդիրներ առաջանան, մենք էլի այն մարդուն չենք գտնելու կամ այն որոշում կայացնողին, որը պատասխան կտա դրա համար»:

Լեւոն Գալստյանի խոսքով՝ մի կողմից ասում են, որ Ջերմուկը պետք է դարձնեն միջազգային հայտնի զբոսավայր, մյուս կողմից` ոչինչ չեն անում` «ժողովրդին կերակրելով» այդ 5-10 տարվա խոստումներով, թե նաեւ 200 մարդ կարող է աշխատել այդ հանքավայրում նաեւ Ջերմուկից, դրան գումարած 300-400 հանքափոր կապրեն Ջերմուկի այն հյուրանոցներում ու առողջարաններում, որոնք մինչ այս ձմեռը չէին աշխատում. «Իսկ թե ինչ կլինի Ջերմուկի առողջարանային համբավին, ի վերջո, Ջերմուկը որպես առողջարանային հանգստի, ընտանեկան հանգստի բրենդ է ներկայացվում, ոչ ոք չի կարող ասել: Պատկերացրեք, որ այդ քաղաքում ապրում է 400 հանքափոր, որը ստանում է ավելի շատ աշխատավարձ, քան տեղի բնակչությունը, եւ հիմնականում տղամարդիկ են, որոնք ունեն իրենց պահանջմունքները, եւ դրանք ինչ-որ կերպ պիտի բավարարեն ե՛ւ հանգստի, ե՛ւ նաեւ զվարճանքների առումով, եւ բնական է, որ ազդելու են Ջերմուկի միջավայրի վրա:

Դա նաեւ գրված է ընկերության նախագծում, որ` այո, լինելու է սեռավարակների տարածման, սեքս-ծառայությունների ցանցերի ստեղծման ռիսկ ու նաեւ՝ հարբեցողության աճ, որոնք իրենք տարբեր միջոցներով կմեղմեն` անվճար պահպանակներ կբաժանեն հյուրատներում, առողջարաններում, բոլոր տեղերում հասանելի կդարձնեն, որպեսզի մարդիկ պահպանակներ ունենան, որ սեռավարակները չտարածվեն: Դրան գումարած իրենք համարում են, որ այդ օգուտը այդ քաղաքը եւ հարակից գյուղերը կստանան տասը տարվա ընթացքում: Մարդիկ կգան, գումարներ կծախսեն, եւ դրանով կփակվեն բոլոր պոտենցիալ վնասները, որոնք, հնարավոր է, Ջերմուկի առողջարանային համբավին հասցվեն: Այսինքն` նախատեսվում է, որ Ջերմուկը հիմնականում դառնալու է հանքափորներին սպասարկող քաղաք: Իսկ թե տասը տարի հետո հնարավոր կլինի՞ այդ համբավը վերականգնել, թե՞ ոչ` ոչ ոքի չի հետաքրքրում, նաեւ կառավարությանը»:
Նշենք, որ «Ամուլսարը» շահագործվելու է Վայոց ձորի Գնդեվազ համայնքի տարածքում: Հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված է 370 միլիոն դոլար դնել այս գործի մեջ:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

26.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31