Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան խնդիրներ ունեցող հաշմանդամի տունն աճուրդի է հանվել, իսկ նա տեղյակ չի

Հոկտեմբեր 27,2016 14:30

Օրեր առաջ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում կառավարության հեղինակած «ԴԱՀԿ-ի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս ասաց, որ օրինագծի հիմնական նպատակն է, որ մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից եւ չդարձնել անտուն. «Ինչ պարտավորություն էլ, որ նա խախտի՝ վերջում առնվազն պետք է հնարավորություն ունենա չմնալու փողոցներում», եւ որ անձը չպետք է իր «մեղքերի համար» պատասխան տա իր բնակվելու իրավունքի հաշվին:
Իսկ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի կապակցությամբ էլ փոխնախարարը պատասխանել էր. «Երբ գալիս է մի իրավիճակ, որ անձը չի կարողանում իր պարտավորությունը կատարել եւ հարցը դրված է, որ պետք է իր միակ անշարժ գույքը վաճառի, որ պարտքերը մարի եւ եթե այդ գույքն ավելի էժան է, քան կառավարության սահմանած գինը, այն չպետք է վաճառվի եւ մնա պարտապանին: Իսկ եթե անշարժ գույքը ավելի թանկ է, քան կառավարության որոշմամբ է սահմանված, ապա տարբերությունը վերադարձվում է պարտապանին՝ իր բնակարանային պահանջմունքները բավարարելու համար»:

ruz2

2-րդ կարգի հաշմանդամ Ռաֆայել Նալբանդյանը հաստատ այս ամենից տեղյակ չի: Եվ շուտով՝ նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք ԴԱՀԿ աճուրդի հետեւանքով կվտարվի իր միակ կացարանից:

Ավտովթարի հետեւանքով իր երկու զավակներին կորցրած Ռաֆայել Նալբանդյանը հոգեկան հիվանդությամբ է տառապում: Եվ այդ հիվանդությունը ձեռք է բերել երկու երեխաներին կորցնելուց հետո՝ վշտից:

ruz3
Նրա տունը հիշեցնում է հուշատուն. պատերին, ամենուր երեխաների նկարներն են:
Միայնակ տարեց մարդը չի հաշտվում մինչ օրս կատարվածի հետ. նա ապրում է իր զավակների հիշողություններով: Ռաֆայել Նալբանդյանը 2007թ. մորաքրոջ որդու՝ հանգուցյալ Ժորա Գասպարյանի հետ կնքել է «Փոխառության պայմանագիր»: Այդ պայմանագիրը կնքվել էր «օդի մեջ», «օդի գումար էր» գրվել:

Նա կնքել էր պայմանագիրը ստիպված. վթարի ենթարկած վարորդը փոխհատուցման գումարը չէր տալիս, իսկ որդեկորույս ծնողը, որպեսզի քրեական գործի ժամանակ վարորդից գումար պահանջելու հիմքը ներկայացներ, ասել էր, թե պարտք է վերցրել հարազատից: Միամտաբար նա ակնկալում էր, թե իր զավակների կյանքը խլածը կարագացնի փոխհատուցումը տալը:

Փոխառության պայմանագրի դիմաց Ժ. Գասպարյանը մինչ իր մահը՝ 2012 թվականը, այդպես էլ որեւէ գումար չի տվել, եւ Նալբանդյանը որեւէ գումար չի ստացել:
Ի դեպ, 2014 թվականի մայիսի 17-ին «Առավոտում» լուսաբանելով նրա դատական նիստը, Նալբանդյանի հարազատ միակ քույրը հայտնել էր, թե պայմանագրի ձեւական բնույթի մասին տեղյակ է եղել հայցվոր Գասպարյանի կինը՝ տիկին Սեդան, որն այդպես էլ դատարան չեկավ: Իսկ վերջերս ի հայտ եկած մի ձայնագրությամբ, տիկինն ասում է, որ ինքը ամուսնու եւ տղայի գործերից տեղյակ չի, իսկ տղան էլ չգիտի, թե Ռուսաստանում որտեղ է գտնվում այս պահին:

ruz4
Այդ չգիտեմ որտեղ գտնվող տղայի անունից էլ վտարման պահանջ է ներկայացվում դատարան, աճուրդ է լինելու:

Գասպարյանի որդին դիմել էր դատարան՝ հաշմանդամ ազգականից պահանջելով 9 միլիոն դրամ գումար, որն իբր «Փոխառության պայմանագրի» համաձայն՝ տվել էին Նալբանդյանին:

Ի դեպ, նկատենք, որ Ժ.Գասպարյանի մահվանից 9 տարի հետո է որդին դիմել դատարաններ եւ դատը շահել, դատարաններն էլ չեն կիրառել հայցային վաղեմություն: Նալբանդյանը չի ունեցել իրավական օգնության իրավունք, «Առավոտում» խնդիրը բարձրաձայնելուց հետո նրան առժամանակ օգնություն ցույց տվեց «Ընդդեմ իրավական կամայականություն» հասարակական իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը:

ruz5
Իրավապաշտպանը տարիներ առաջ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գասպարյանի հայցը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 3 տարի ուշացումով: Դատական նիստերի արձանագրություններից մեկին ծանոթանալիս, կար նաեւ այսպիսի հայտարարություն, որն արել էր Ռ. Նալբանդյանը. իր զավակների վթարի ենթարկած վարորդի դեմ քրեական գործով քաղհայցի մերժումից հետո, Ժ. Գասպարյանն իր աչքի առաջ ոչնչացրել է փոխառության պայմանագիրը, որպեսզի ապացուցի, թե հարազատը կարող է անհոգ լինել, թյուրիմացություններ չեն լինի, եւ որ այլեւս գումար չի պահանջվի: Ռ. Նալբանդյանի դեմ հայցով գործերի մեջ այդ պայմանագրի բնօրինակը չէ, այլ պատճենը:

Ռ. Նալբանդյանն այնպիսի վիճակում էր գտնվում, որ ցանկացած միջամտություն նրա բնակարանային անձեռնմխելիությանը, կավարտվի արյունահեղությամբ:
Մինչդեռ, այս գործին սրտացավ մոտեցում է պետք, նոր հետաքննություն՝ քրեական գործ հարուցելու համար:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

 

«Առավոտ»

26.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31