Լրահոս
Օրվա լրահոսը

Բախի՝ հայազգի հոգեւոր դուստրը

Հոկտեմբեր 27,2016 14:00

Դաշնակահար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսեսյանը շուրջ 40 տարի զուգահեռում է համերգային կատարողի եւ մանկավարժի գործունեությունը: Նրա արվեստին ծանոթ են բազմաթիվ երկրներում, իսկ Ճապոնիայում՝ հատկապես, որտեղ նրան անվանում են Բախի հայազգի հոգեւոր դուստր:
Օրերս դաշնակահարը վերադարձել է Ճապոնիայից, որտեղ բացի մենահամերգներից, անցկացրել է նաեւ վարպետության դասեր:

«Առավոտի» հետ զրույցում Անահիտ Ներսեսյանը նշեց, որ այս հյուրախաղը յոթերորդն էր, հրավիրող կողմն էլ Ճապոնիայի միջազգային հյուրախաղային ասոցիացիան էր: «Տոկիոյում եւ Նագանոյում հանդես եկա մենահամերգներով՝ ներկայացնելով Բախի, Շումանի, Չայկովսկու, ինչպես նաեւ Կոմիտասից մինչեւ Խաչատրյանի, Հարությունյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի ստեղծագործություններից: Այս այցիս, 35 տարի անց, հանդիպեցի երբեմնի մրցակցիս՝ ճանաչված դաշնակահար Քեյ Իտոյին: 1980թ. Լայպցիգում կայացած Բախի անվան մրցույթում ես շահեցի առաջին մրցանակ, իսկ նա՝ երկրորդ: Այցելեցինք Տոկիոյում 2015թ. Հայոց եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարին եւ ընդամենը մի քանի ամիս առաջ բացված խաչքարին, որը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին»,- հայտնեց մեր զրուցակիցը:

anahit_narsesyan_4

Անահիտ Ներսեսյանն ու Քեյ Իտոն:

Վերջերս Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին մեզ տեղեկացրել էր, որ իր երկրում շուրջ մեկ տարի է, ինչ գործում է Կոմիտասասերների ասոցիացիա: Հետաքրքրվեցինք՝ արդյոք Անահիտ Ներսեսյանն այցելե՞լ է այդ ասոցիացիա: Դաշնակահարը պատասխանեց, թե իրեն ուղեկցել են ճապոնացի կոմիտասասերների մոտ, հետո էլ մանրամասնեց. «Իսկապես շատ են տարված Կոմիտասով, բայց ոչ միայն Վարդապետի արվեստով, այլ պարզապես հիանալի տիրապետում են մեր մյուս մեծերի՝ Խաչատրյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Միրզոյանի արվեստին: Ավելին, մեր ուսանողներն, անշուշտ, անգիր գիտեն հայ դասականների ստեղծագործությունները, բայց եթե ասենք, հնչեցրեք, օրինակ, Խաչատրյանի, կոնկրետ՝ 1-ին սիմֆոնիայի գլխավոր թեման, այդ պահին կդժվարանան: Իսկ նրանք անգիր գիտեն»:

anahit_narsesyan_5

Պրոֆեսորը՝ ճապոնացի դաշնակահարների հետ:

Անահիտ Ներսեսյանի ձեւակերպմամբ, ճապոնացիները «մատների արանքով» չեն նայում ոչ մի բանի, եթե ուսումնասիրում են որեւէ ոլորտ, այս դեպքում՝ երաժշտարվեստի, պարզապես մխրճվում են այնտեղ: «Շուրջ 10 տարի առաջ Երեւան էր ժամանել մի ճապոնացի տնտեսագետ, որը ձեռնամուխ էր եղել մի գրքի հրատարակման, ինչը ներկայացնելու էր Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաներում բոլոր ժամանակներում ուսանած հայ երաժիշտներին: Ես ու իմ կոլեգաները՝ Կարինե Օհանյանը, Մարինե Աբրահամյանը, Սուրեն Զաքարյանը ծանոթացանք ապագա գրքի հեղինակի հետ, հետո նրան ուղեկցեցինք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Պատկերացնո՞ւմ եք որքան մեծ էր մեր զարմանքը, երբ մասնագիտությամբ տնտեսագետը ծանոթանալով լուսանկարներին, չճանաչեց Արամ Խաչատրյանի հետ նկարված իր համերկրացուն՝ Խաչատրյանի երբեմնի ուսանող, մեծ ճանաչում վայելող Տերախարային: Փոխարենը՝ հրաշալի գիտեր Խաչատրյանին, Բաբաջանյանին, Հարությունյանին, Միրզոյանին…»,- հավելեց երաժիշտը:

anahit_narsesyan_1

Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով տեղադրված խաչքարը:

Հարցին՝ ինչո՞վ բացատրել ճապոնացիների հետաքրքրությունը՝ հայկական երաժշտարվեստի նկատմամբ, պրոֆեսորը պատասխանեց. «Նրանք գտնում են, թե իրենց ու հայկական երաժշտության միջեւ առկա է ներդաշնակ դարձվածքների նմանությունը: Եվ բացի այդ, ճապոնացիներին ձգում են մեր կրակոտ մեղեդիները ու, ինչպես իրենք են ասում՝ սրտից բխող ելեւէջները: Ի դեպ, հոկտեմբերի 24-ին Տոկիոյում կայանալու էր համերգ, որտեղ Կոմիտասի ու հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները մեկնաբանելու էին միայն ճապոնացիները»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ճապոնացի ունկնդրին: «Իսկապես մեծ էր զարմանքս, երբ համերգներիցս հետո հանդիսատեսը մոտենում էր խորհրդային տարիներին լույս տեսած իմ ձայնապնակներով եւ ինքնագիր խնդրում»,- հայտնեց Անահիտ Ներսեսյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31