Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կառավարության ծրագրի գիտության բաժինը մրցակցային չէ»

Հոկտեմբեր 27,2016 13:30

Ըստ տնտեսագիտության դոկտորի,
այնտեղ խորքային զարգացումներ չեն նախանշվում

«Առավոտը» տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանից հետաքրքրվեց՝ ինչ կարծիքի է կառավարության նոր ծրագրի գիտական հատվածի մասին: «Գիտություն» բաժինը, իմ խորին համոզմամբ, մրցակցային չէ եւ այնտեղ խորքային զարգացումներ չեն նախանշվում»,- ասաց Ճուղուրյանը: Մեր դիտարկմանը, թե ծրագրում հստակ կետեր են ներկայացվում, որոնք առնչվում են գիտական աստիճանաշնորհման համակարգի արդիականացմանը եւ համադրելիությանը եվրոպական երկրների հետ, մասնավորապես՝ հատուկ ընդգծվում է նաեւ գիտության ծավալների հիմնական մասի ուղղորդումը դեպի կիրառական եւ փորձակոնստրուկտորական ծրագրեր, գիտնականը պատասխանեց. «Այո, այդ կետերը առկա են, սակայն մակերեսային, ես կասեի ավելին` հստակեցված բնույթ չեն կրում:

]Գիտության բաժնում իսպառ բացակայում են ցուցիչներ, որոնք պետք է ծրագրային նպատակակետեր հանդիսանան: Այ, օրինակ, հստակեցված չէ, թե որքան է կազմելու գիտությանն ուղղված ծախսերի նվազագույն տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կամ հանրային ֆինանսների կազմում, որոնք, ի դեպ, միջազգայնորեն ընդունված ցուցիչներ են եւ բնութագրում են երկրում մատուցվող գիտահետազոտական աշխատանքների ծավալները: Կարծում եմ, որ առանց վերոնշյալ ցուցիչների, կառավարությունը ուղղակի մեզ հրամցնում է ծրագրային մերկապարանոց դրույթներ»:

Իսկ ինչո՞ւ են այդ ծրագրային կարեւորագույն փաստաթղթում բացակայում թվային նշաձողերը եւ ցուցիչները: Ի պատասխան այս հարցի էլ՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես այստեղ երկու պատճառ եմ տեսնում: Կամ՝ գիտահետազոտական աշխատանքներին աջակցելիս կառավարությունը չի ցանկանում հստակ պարտավորություններ ստանձնել նախանշված թիրախային ցուցիչներով եւ հետագայում` ձախողումների հաշվետվություն ներկայացնել, կամ էլ՝ դեռեւս վստահություն չի ձեւավորվել թիրախավորված ցուցիչներին հասանելիության հնարավորությունների մասով»:

Նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպես կբնորոշի կառավարության դիրքորոշումը՝ եվրոպական երկրների հետ գիտական աստիճանաշնորհման համադրելիության ապահովման ուղղությամբ: «Այս դրույթն էլ իր մեջ շատ հարցականներ է պարունակում: Նախ, գաղտնիք չէ, որ անգամ եվրոպական երկրներում դեռեւս չի արձանագրվում գիտական աստիճանաշնորհման միասնական գործընթաց, եւ այդ ոլորտում ներկայումս իրենք էլ փնտրտուքների մեջ են: Ուրեմն մեզ համար էլ դեռեւս անորոշ է, թե աստիճանաշնորհման համադրելի ինչպիսի համակարգի մասին է խոսք գնում ծրագրում: Բացի այդ, գոնե ինձ համար անհասկանալի է, թե ինչու է կառավարության ծրագիրը շրջանցում Բոլոնիայի գործընթացի այն ուղենիշները, որոնք վերաբերում են գիտության զարգացմանը: Իսկ դրանք հավակնոտ են եւ մրցակցային դիրքեր են ապահովում գիտության թե հայրենական եւ թե միջազգային շուկայում: Կարծում եմ, որ կառավարության նոր ծրագիրը պետք է թիրախավորվեր հենց գիտության մրցունակության բարձրացմանը եւ չկրկնելով հինը՝ գիտահետազոտական աշխատանքների որակական ընդլայնման նոր մարտահրավեր ներկայացներ»,- պատասխանեց տնտեսագիտության դոկտորը:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

26.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31