ՄԻ քանի օր առաջ «Դինամո» մարզադահլիճում անցկացված բռնցքամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն «Առավոտի» համար ամփոփեց արդյունքները:
«Առաջնությունը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Այս վերջին տարիներին պատանիների եւ երիտասարդների հետ կատարված աշխատանքներն իրենց ծիլերն են տալիս: Այսօր նրանք, հանդես գալով մեծահասակների մեջ, ցույց են տալիս, որ իրենք ավելի պատրաստ են: Այսինքն, մեր աճեցրած թիմն այսօր լիդեր է դառնում: Երիտասարդական հավաքականի մի շարք բռնցքամարտիկներ չեն զիջում մեծերին եւ հաղթում են, չեմպիոն դառնում: Սրանք ազդակներ են, որ նրանք պարտավոր են հաջող հանդես գալ նոյեմբերին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում», – ասաց պարոն Գեւորգյանը:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նախորդների հետ համեմատած, այս տարի նվազել է մասնակիցների թիվը, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Այո, մասնակիցների քանակն իսկապես նվազել է: Ցավոք, դա մեր վերահսկողության դաշտում չի գտնվում: Մենք կառավարում ենք, երբ ձեւավորվում է ազգային հավաքական: Իսկ թե ակումբներում ինչպես են պատրաստվում, ինչ են անում, մենք քաղաքականություն չենք մշակում: Ամեն մի ակումբ իր աշխատանքային պլանն ունի: Ակումբներում ու մարզադպրոցներում պետք է լուրջ աշխատանք տանել, մոնիտորինգ անել՝ հասկանալու համար, թե ինչու է քանակը նվազում: Բացի այդ, նաեւ որակն է վատացել: Սրանք խնդիրներ են, որոնց շուրջ լուրջ աշխատանքներ պետք է կատարել, քաղաքականություն մշակել»: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ դեր է կատարել նաեւ ֆեդերացիայի որդեգրած այն մոտեցումը, ըստ որի Հայաստանի առաջնություններին մասնակիցներ կարող են հայտավորել միայն լիցենզիա ունեցող մարզիչները. «Որոշակիորեն այդպես է: Բայց դրա հետ մեկտեղ ֆեդերացիան առաջնային խնդիր է դարձրել մարզիչներին բազմակողմանիորեն կրթելը՝ նրանց համար որակավորման դասընթացներ կազմակերպելով»,- եղավ պատասխանը:
Զրույցում շոշափվեց նաեւ բռնցքամարտում Հայաստանի առաջնությունների անցկացման ժամկետների ընտրության թեման, թե ինչո՞ւ են դրանք որպես կանոն կազմակերպվում տարեվերջին: Հիմնավորումը հետեւյալն է. տարվա գլխավոր պաշտոնական մրցումներն ու մրցաշարերն ավարտվելուց հետո տարվա վերջին ամիսներն են ավելի հարմար ներքին առաջնություններ անցկացնելու: Այդ ժամանակ էլ ձեւավորվում են հավաքական թիմերը, որոնք արդեն հունվար ամսին, որպեսզի Ամանորից հետո շատ չթուլանան եւ ներգրավվում են ուսումնամարզական հավաքներում, նախապատրաստվում պատասխանատու մեկնարկներին: Տարեվերջին են անցկացվում նաեւ ֆեդերացիայի համաժողովները, որտեղ որոշվում են մարզիչների աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը, հարկ եղած դեպքում կատարվում են փոփոխություններ:
Կարդացեք նաև
Արթուր Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը պատշաճ մասնակցելու նպատակով երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ մոտ օրերս ուսումնամարզական հավաք կանցկացնի, որի ավարտին մարզիչը կընտրի լավագույններին: Ի դեպ, երիտասարդականի հետ կմարզվի նաեւ աղջիկների աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Սակայն նա մասնակցելու է գրեթե նույն օրերին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:
«Առավոտը» հիշեցրեց նաեւ վերջին հարցազրույցում ֆեդերացիայի նախագահի արտահայտած այն միտքը, ըստ որի, գուցե նպատակահարմար լինի մտածել հավաքականների ղեկավարումը արտասահմանցի մասնագետներին վստահելու մասին: Պարոն Գեւորգյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ ինքը բանակցություններ է վարում Ռուսաստանի եւ Կուբայի հետ, որոնք դեռ շարունակվում են: Նա միեւնույն ժամանակ խոստացավ, որ երբ այս տարվա միջազգային բոլոր մրցումներն ավարտվեն եւ տարեվերջին ֆեդերացիայի համաժողով հրավիրվի, նորություն լինելու դեպքում անպայման պաշտոնապես կհայտարարի:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
26.10.2016