Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չինաստանը՝ հայ ռեժիսորի աչքերով

Հոկտեմբեր 27,2016 12:30

Կամ՝ մասնագիտության հմայքը

Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնում հերթական «Վարպետաց դասի» հյուրը Չինաստանում ապրող եւ ստեղծագործող հայազգի ռեժիսոր Ռուբեն Գասպարյանն էր կամ չինացիներին ավելի հասկանալի ազգանունով՝ Ռուբեն Գինին։
Նախ, նրան ուսանողներին ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ով «Չինաստան. այդքան հեռու եւ այդքան մոտիկ» տեսաֆիլմը նկարահանելիս հանդիպել է Ռուբեն Գինիին, ձգտել հասկանալ ու հեռուստադիտողին ներկայացնել նրա հետաքրքիր ու ինքնատիպ կերպարը։
Հայ ռեժիսոր Ռուբեն Գասպարյան-Գինին 2005 թվականից ապրում է Շանհայում: Ֆիլմ նկարահանելու համար մեկնեց Չինաստան, ու ինչպես ինքն է ասում, այդ երկիրն իրեն ձգեց: «Վարպետաց դասի» ընթացքում ռեժիսորը պատմեց իր անցած ուղու, «Անդին» ֆիլմի նկարահանումների եւ մասնագիտական հմտությունների ու դժվարությունների մասին:

«Հինգ տարեկանում հայրիկս ինձ տարավ ֆիլմ դիտելու, ու ես այնքան էի տպավորվել, որ այդ գիշեր երազ տեսա, թե ինչպես եմ այդ ֆիլմը պատրաստում»,- անկեղծացավ ռեժիսորը: Երազը կարծես կանխորոշեց նրա ճակատագիրը եւ դպրոցն ավարտելուց հետո Ռուբեն Գասպարյանն ընդունվեց Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախապատրաստական բաժին, այնուհետեւ Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտ (ՎԳԻԿ):

Բայց ճանապարհները եւ ճակատագիրը նրան տարան դեպի Չինաստան: Այնտեղ 18-ամյա ռեժիսորը, որքան էլ որ զարմանալի է, առանց չինարենի իմացության ու աշխատանքային փորձ ունենալու՝ ընդունվեց աշխատանքի:

«Հենց առաջին օրը ինձ հանձնարարեցին Panasonic ընկերության համար գովազդի գաղափարներ առաջարկել` առանց իմանալու՝ ինչ ընդունակություններ ունեմ»,- ասում է նա: Ռեժիսորի պնդմամբ` Չինաստանում հաշվի չեն առնում` ո՞վ ես, որտեղի՞ց ես, դիպլոմ ունե՞ս, թե՞ չունես: Կարեւորը` ստեղծագործական ձիրք ունենաս եւ աշխատանքը կարողանաս կատարել:

Հեղինակի նկարահանած «Անդին» ֆիլմը, որը հայկական ճանապարհորդությունների քրոնիկոն է, պատմում է Չինաստանում հայկական ներկայության հետքի մասին, մանրամասներ բացահայտում Մետաքսի ճանապարհում հայերի ունեցած դերակատարության վերաբերյալ: Երկու ժամ տեւողությամբ ֆիլմը, ռեժիսորի պնդմամբ, պատրաստվել է մանրուք առ մանրուք: Հաշվի են առնվել անգամ ամենաչնչին դետալները, ընտրվել են լավագույն կադրերը, անգամ ֆիլմը հնչյունավորողի փնտրտուքներն են բավականին երկար ժամանակ խլել:
Անդրադառնալով ֆիլմի կադրերի ընտրությանը՝ ռեժիսորը նշեց, որ եթե իսկապես զգում ես, որ տվյալ հատվածը պետք է, ուրեմն թող որ այն մնա: Սակայն ամեն ինչ չէ, որ կարեւոր է ու պետք է հայտնվի ֆիլմում:

«Անշուշտ, նկարում ես ավելի շատ, քան պետք է: Կարեւորը հասկանաս՝ ինչն է պետք»,- շարունակում է իր վարպետաց դասը Ռուբեն Գինին, ընդգծելով, որ շատ գեղեցիկ կադրեր են դուրս մնացել ֆիլմից, որովհետեւ ուղղակի գեղեցիկ էին ու ոչինչ չէին ասում: Նրա դիտարկմամբ՝ կադրերը գեղեցիկ լինելուց բացի, պետք է նաեւ ասելիք ու բովանդակություն ունենան, որովհետեւ ոչ ոքի պետք չէ դատարկ կադրը:

Երբ «Անդին» ֆիլմն արդեն պատրաստ էր ու պետք է ներկայացվեր «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, հեղինակը չէր որոշել ֆիլմի անվանումը: Վերջին րոպեին միայն որոշվում է այն կոչել «Անդին»՝ ֆիլմի դիտման ընթացքում բացահայտելու, թե ինչ կա սահմանից այն կողմ:

Խոսելով «Անդին»-ի նկարահանման ընթացքում հանդիպած դժվարությունների մասին, Ռուբեն Գինին նշեց, որ դժվարություններից ամենամեծն առաջին հերթին ֆինանսականն էր: Անհրաժեշտ միջոցները Մոսկվայում ապրող մի հայ բարերար տրամադրեց: «Հետազոտությունների փուլն էր խոչընդոտներով լի. երբ պատմաբանների շրջանում հայտնի չես, չունես գիտական կոչում, չինացիների համար տարօրինակ է, որ գնում հարցեր ես տալիս, ուսումնասիրություններ ես անում, արխիվներում նյութեր ես փնտրում: Չնայած, ասեմ, որ չինական արխիվներն ավելի հեշտ էր բացելը, քան այստեղ` Հայաստանում»,- շարունակում է Ռուբեն Գինին: Սակայն ռեժիսորը համոզված է, որ եթե անհրաժեշտություն կա, պետք է պայքարել մինչեւ վերջ:

Պրպտելու ձգտում Ռուբեն Գինին միշտ է ունեցել: Նրան հետաքրքրում են նյութի էությունը, անհայտ մանրամասները, երեւույթի արմատները: Նրա ուսումնասիրողի հետաքրքրությունն այնքան մեծ է, որ համոզված է` եթե ռեժիսոր չդառնար, դետեկտիվ էր դառնալու: Սակայն այն մասնագիտությունը, որն ընտրել է Ռուբեն Գինին, իր իսկ բնորոշմամբ, հնարավորություն է տալիս երեւույթներին խորապես ծանոթանալ, տեսնել դրանք մեկ այլ տեսանկյունից:

Իսկապես, որ ուսանելի «Վարպետաց դաս» էր մեզ համար, երբ մարդու կյանքը եւ գործունեությունը կարծես ափիդ մեջ է եւ այն կարող է նաեւ օրինակ ծառայել, ոգեւորել ու քեզ որոնումների եւ պրպտումների մղել։

 
ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
ապագա լրագրող
Լուսանկարը՝ հեղինակի

 

«Առավոտ»

26.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31