Լրահոս
Օրվա լրահոսը

Ենիգոմշյանը մոռացե՞լ է, որ ընտրացուցակների հրապարակումը նաեւ Սեֆիլյանի պահանջն էր

Հոկտեմբեր 26,2016 22:30

Օրերս «Առավոտին» տված հարցազրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը պնդել էր, թե ցուցակների հրապարակումը ոչինչ չի տա. «Դա ՀԱԿ-ի եւ ուրիշների մոտեցումն է միշտ եղել: Մենք երբեք չենք համարել, որ ցուցակները հրապարակելու որոշում կայացնելու դեպքում խնդիրը կլուծվի: Այնքան գործոններ կան ընտրությունների՝ իշխանությունների կողմից վերահսկման, որ ցուցակների հրապարակումը մնացած հարցերի հետ համահավասար չէ»: Նաեւ հավելել էր. «Եթե նման փոփոխություն՝ ցուցակները հրապարակելու, լիներ 10-15 տարի առաջ, կունենար իր ազդեցությունը»:

Կարելի էր հարյուրավոր օրինակներ բերել՝ ապացուցելու համար, թե ընտրացուցակների հրապարակման պահանջը մինչեւ վերջերս պնդել են ընդդիմադիր բոլոր ուժերը, այդ թվում՝ նաեւ նրանք, որոնք գործակցում են «Հիմնադիր խորհրդարանի» հետ՝ մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության գործիչները: Ասենք՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մարտի 18-ին խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարում էր, թե ընդդիմադիր ուժերը` հասարակության հետ, պիտի կարողանան պնդել իրենց պահանջները` ստորագրված ցուցակները պարտադիր պիտի հրապարակվեն, ընտրատեղամասերում պարտադիր մի քանի տեսախցիկներ պիտի տեղադրվեն եւ այլն:

Սակայն սահմանափակվենք ընդամենը մեկ մեջբերմամբ: Սա հատված է օգոստոսի 31-ին՝ այսինքն, «Սասնա ծռերի» զենքը վայր դնելու նախօրեին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից Ժիրայր Սեֆիլյանի ուղարկած նամակից, որը տարածել էր «Հիմնադիր խորհրդարանը»:

Եվ այսպես՝ ի շարս այլ պահանջների, Ժիրայր Սեֆիլյանը գրել էր. «Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին – ընտրական օրենսդրության բարեփոխում, մասնավորապես, գլխավորապես եւ առաջին հերթին ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բացարձակ հասանելիություն ժողովրդին եւ յուրաքանչյուրին: Այս ցուցակները ցանկացած իշխանության օրինակարգության վկայականն են, որը 1996թ.-ից ի վեր որեւէ իշխանություն Հայաստանում չի ունեցել: Առանց այդ վկայականի որեւէ մեկը կամ որեւէ խումբ իշխանության հավակնելու իրավունք չունի: Այլապես իր արածը իշխանության յուրացում է, ինչին ականատես ենք արդեն քսան տարի»:

Նամակի վերջում էլ նա գրել էր. «Այս պահանջների ի կատար ածումը համազգային անվտանգության խնդիր է այլեւս: Սրանք պահանջներ չեն, որոնք կարեւոր եմ համարում միայն ես: Սրանք պահանջներ են, որոնց մասին ես երկար ժամանակ քննարկումներ եմ ունեցել «Սասնա Ծռերի» տղաների հետ եւ վստահ եմ, որ իրենց մոտեցումները նույնական են: Տարիներ շարունակ ժողովուրդն ու դրա տարբեր հատվածներ նույնպես ներկայացրել են այս պահանջները, սակայն մնացել են անտեսված եւ արհամարհված:

Սրանք պահանջներ են, որոնք ներկայացված են եղել իշխանությանը՝ հանուն Հայաստան պետության: Սրանք պահանջներ են, որոնց չկատարումը կամ կատարման հետաձգումը, իսկ որ ավելի վատ է՝ կատարման նմանակումը քանդում է պետությունն՝ այն վերածելով տգետների եւ ամբարտավանների կողմից կառավարման ենթակա խառնամբոխի: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին եւ քաղաքական կուսակցություններին, վերցնել այս պահանջները եւ բարձրաձայնել իրենց անունից, չթողնել այս պահանջի առաջադրման ծանրությունը Սասնա Ծռերի տղաների վրա: Նաև դրանով ժողովուրդը կձեւավորի այս պահանջների օրինակարգ ներկայացման հնարավորություն, որպեսզի չստացվի, թե որեւէ մեկը փորձում է զենքի ուժով պահանջ պարտադրել Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարզ է թէ այս մարդիկը ոչ մի բան ել կառուցելով հետաքրքրված չեն: Ուզում են միայն քանդել:

    Իրենց «գաղափարաբանությունը» հիմնականօրէն ունայն է, նվազագոյն խելքի տէր ոեւէ անձի համար՝ անըմբռնելի (unintelligible), բացառապէս անկապ հղացքներով եւ հակասութիւններով լի:

    Լրջութեան տեսակէտից իրենց համար լաւագոյն պարագային, կարելի է թերեւս ասել որ անարխիստներ են: Սակայն անարխիստությունը իսկ կը միտի մի բան քանդել, նորը կառուցելու նպատակով: ՍակայնաԱսոնք այդ նոր կառոյցը անկարող են լրջօրէն բանաձեվելու, սահմանելու, ներկայացնելու: Ցնորական խօսքեր, միայն:

    Նաեւ, անարխիստը կ’ուզէ հինը քանդել, նորը կառուցելու համար: Մինչ ասոնք այն ինչ որ քանդել են ուզում, ինքնին արդէն նոր է, տակավին հազիւ գոյացած, հազիւ ծայր տված, լոկ սկզբնավորություն մըն է միայն:

  2. Հ.Շ. says:

    Խորքին մէջ, իրենց ճառախօսության ճիշդ հակառակը, այս տեսակի մարդիկ ժողովուրդին հանդէպ խորունկ արհամարհանք ունին: Այդ չեն արտահայտում, որովհետեւ նաեւ կեղծաւոր են, եւ ժողովուրդը իրենց համար գործիք է, սակայն ատոր ալ փաստերը շատ են, եւ կրնաք տեսնել օրինակի համար «Առավոտին» այդ նոյն հարցազրոյցին ավարտին որու կ’ակնարկէ վերեւի հոդվածը, ուր այս ինքնահավան պարոնը, իբրեւ թէ ճարպիկ դարձվածքով մը, խորքին մէջ կը հայտնէ թէ ըստ իրենց Հայաստանի բնակչութիւնը բաղկացած է միայն անձնասէր, ինքնակեդրոն պատեհապաշտներէ, եւ ամէն քաղաքացի անհատական շահի պատճառով է որ իր քվէն կու տա (խօսքը քուէն ընտրության օրը ծախելու մասին չէ, այլ պետական պաշտօններու, «օրապահիկ ապահովելու»…)

    Յիշենք նաեւ թէ ինչպէս, երբ բիրտ ու մարդասպան խմբակը վերջապէս հանձնվեցաւ, անոնց պարագլուխներից մին հայտնեց թէ իրենք ձախողեցան՝ որովհետեւ ժողովուրդը թերացաւ… այսպէս այպանելով այն ժողովուրդը որ, իրենց վրա յոյս դնելով, ինչ ծեծեր եւ վէրքեր ստացաւ, մինչեւ իսկ ինքնահրկիզում կատարեց… այն ժողովուրդը նաեւ որ եօթը հատ նոր որբեր ունեցաւ, ընտանիքներով սուգի մատնվեցաւ , իրենց թափած արիւնով… փֆֆֆֆֆ…
    https://www.aravot.am/2016/07/31/722533/

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31