«Ես կարծում եմ, որ Ջեյմս Ուորլիքն ակնարկում է, որ այդ հարցն օրակարգ է բերվում Ադրբեջանում, որովհետեւ մենք շատ ենք խոսել կարգավիճակի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք՝ Ջեյմս Ուորլիքը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ողջունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետեւյալ հայտարարությունը, թե «ինքնավար հանրապետության կարգավիճակն է առավելագույն փոխզիջումը Ղարաբաղի հարցում, որին պատրաստ է այսօր գնալ Ադրբեջանը: Եվ դա համահունչ է այն առաջարկներին, որոնք Մինսկի խմբի միջնորդներն առաջ են քաշում»: Ջեյմս Ուորլիքը ողջույնի խոսքն այսպես էր հիմնավորել՝ «Ոչ նրա համար, որ դա վերջին խոսք է, այլ նա համար, որ նա այդ հարցը քննարկման թեմա է դարձնում»:
Կիրո Մանոյանը նկատեց, որ մինչեւ այժմ Իլհամ Ալիեւը չէր խոսում այդ մասին. «Հակառակ՝ Հեյդար Ալիեւը 2000 թվականին իրենց Մեջլիսում ասել էր, որ իրենք առայժմ պետք է կենտրոնանան ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները հետ վերցնելու վրա, որովհետեւ մյուսը փաստացի մեզնից 10 տարի անկախ է, այսինքն՝ ինչ-որ ձեւով պետք է մոռանանք մնացածի մասին: Բայց երբ Իլհամ Ալիեւը եկավ, այդ ամենը մոռացավ, 0-ից սկսեց եւ կամաց-կամաց հետ է գնում»:
Անդրադառնալով՝ մեկ այլ հայտարարությանը, թե Կասպրչիկի առաքելության ընդլայնումը հնարավոր է, Կիրո Մանոյանն ասաց, թե հիմնական խնդիրն հենց դա է, եւ պետք է գործադրվեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները. «Եթե Ադրբեջանն այդ ցանկությունն ունեցած լիներ մինչեւ հիմա արված կլինեին, փաստն այն է, որ մինչեւ հիմա այդ ցանկությունը չունի: Կարծում եմ՝ եթե այս ձեւով Ադրբեջանի վրա ճնշումը շարունակվի, ասեն, որ մինչեւ այս հարցերը չլուծվեն ոչ մի բանի մասին հնարավոր չէ խոսել, ի վերջո պետք է համաձայնի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ