Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե բանակում զինվորին աշխատեցնում են՝ մթերք բեռնաթափել են տալիս, ՊՆ նախարարը հորդորում է անհապաղ հայտնել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 18:42

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց. «ՊՆ-ին մատակարարողները գյուղացիներից կարտոֆիլը գնում են 40-45 դրամով, խոսքը, մասնավորապես, Վարդենիսի տարածաշրջանի գյուղացիներին է վերաբերում, եւ զորամասին են հանձնում 84-104 դրամով:

Տեսնում եք թվաբանությունը, որ մթերողները կրկնակիից ավելի գնով են hանձնում զորամասերին: Նրանք հիմնավորում են, որ հարկ են վճարում, պահեստավորում են եւ բանվորական ուժ են օգտագործում այս ամենի համար: Փորձը ցույց է տալիս, որ մթերողներն ընդհանրապես չեն պահեստավորում: Մեքենան մոտեցում են գյուղացիների պահեստներին, գյուղացիները այդ գնի մեջ բեռնում են բեռնատարները, մթերողները տեղափոխում են զորամաս, զորամասում էլ բեռնաթափման աշխատանքներն իրականացնում են զինվորները»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա արդեն առաջարկում են 50 դրամով գնել, բայց ըստ էության, այս գինն ինքնարժեքի մեջ չի տեղավորվում: Նա առաջարկեց, որ կառավարության միջամտությամբ 50 դրամը դառնա 55-60 դրամ, մանավանդ, որ գյուղացիներից շատ ավելի մեծ շահույթ են ստանում մթերողները:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ եղել են տեղում, զրուցել են ֆերմերների հետ նաեւ. «Կարտոֆիլի, կաղամբի եւ գազարի պարագայում մատակարարն իրականում ունի բավականին ծավալուն աշխատանք իրականացնելու: Իրականում այդ մթերքները պահեստավորում է, որովհետեւ բանակը չի ընդունում այդպես, այլ՝ տարվա ընթացքում է վերցնում: Գնի տատանումը կապ ունի այն զորամասի հեռավորության հետ,որին պետք է մատակարարվի կարտոֆիլը: Կիլոգրամի մեջ մինչեւ 14 դրամը ճանապարհածախսն է»:

ՊՆ նախարարն ասաց, որ եթե ունեն որեւէ փաստ, որ զորամասում զինվորն է բեռնաթափում մթերքները, թող անհապաղ հայտնեն դրա մասին, որովհետեւ դա անթույլատրելի է: Նախարարն ասաց, որ նման դեպքերի մասին ահազանգեր չունեն: Զորամասի մաքրման եւ այլ աշխատանքները պայմանագրային աշխատանքներ են արդեն: Դրանք նախկինում լուրջ վեճերի առարկա էր դառնում, ինչպես նաեւ խոհանոցում ճաշ եփելը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մատակարարները չեն պահեստավորում, պահեստավորում են գյուղացիների պահեստերում: Նախարարն ասաց, որ դա արդեն մատակարարի եւ գյուղացու շուկայական հարաբերությունների խնդիրն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31