Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլինի առաջարկ՝ կպատասխանենք, պատասխանը կլինի ոչ համարժեք՝ մեզ քննադատեք». Կարեն Կարապետյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 17:59

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարց ուղղեց գործազրկության մասին: Նա ասաց, որ իրավիճակը վատ է հատկապես ԵՏՄ անդամ երկրներում. «Խնդրի լուծման կարեւորագույն ուղղություններից մեկը նաեւ արդյունաբերության զարգացման հնարավորություններն են»:

Պատգամավորը խոսեց «Նաիրիտի» եւ «Քիմպրոմի» գործարկման անհրաժեշտության մասին՝ ասելով, որ 2015-ին «Նաիրիտի» կողմից կառավարությանը ռազմավարություն է ներկայացվել, որտեղ ճանապարհներ կան ներդրումների ներգրավման համար: Ինչ վերաբերում է «Քիմպրոմին», նա ասաց, որ խիստ անկայուն իրավիճակ է, պարբերաբար բացվում-փակվում է: Նա հարցրեց, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը՝ խնդրի վերաբերյալ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Չէի ուզենա հարցին հարցով պատասխանել՝ դուք այդ ծրագրին ծանո՞թ եք: Մենք, բոլոր ծրագրերը, որ գալիս են կառավարություն «Նաիրիտի» հետ կապված, պայմանավորվել ենք, որ մեր կայքում տպելու ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի կարդա եւ իմանա, թե այդ ծրագիրն ինչի մասին է: Մամուլում կամայական հայտարարություն, որ ես ունեմ ծրագիր «Նաիրիտի» վերազինման համար, մենք չենք կարող գոյություն չունեցող ծրագրին սկսենք պատասխանել: Այդ իսկ պատճառով, եթե ցանկություն ունենայիք, կարող էիք ինքներդ մեզնից պահանջեիք ու գնահատեիք՝ ինչքանով է այդ ծրագիրն արդիական, իրագործելի: Գուցե այդ հարցադրումն էլ չլիներ»:

Մհեր Շահգելդյանը վստահեցրեց, որ ծրագրին շատ լավ ծանոթ է, բայց իրեն հետաքրքրում է կառավարության մոտեցումը:

Վարչապետը պատասխանեց, որ «Նաիրիտի» եւ նման ծրագրերի համար աշխատանքային խումբ չեն ստեղծելու, եւ իրենց վերաբերմունքը արդեն ասել են. «Եթե լինի նորմալ առաջարկ, բաց, թափանցիկ, հրավիրելով բոլոր շահագրգիռ մարմիններին, խոսելու ենք, դրա համար աշխատանքային խումբ պետք չի: Մենք ունենք կառավարություն, ունենք համապատասխան մարմիններ, որոնք ռեալ իրենց մասով պետք է պատասխանեն: Ռեգուլյար ինչ-որ խմբեր ստեղծել, հանձնաժողովներ, բան, որեւիցե օգուտ չկա: Կլինի առաջարկ՝ մենք կպատասխանենք: Պատասխանը կլինի ոչ համարժեք՝ մեզ քննադատեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31