Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով դատաքննությունը:
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը ընդունեցին իրենց մեղքն ու միջնորդեցին արագացված դատաքննություն անցկացնել:
Հիշեցնենք, որ չորս ամբաստանյալներն, ըստ մեղադրանքի, հուլիսի 29-ին, ժամը 22-ից 23-ի սահմաններում, Գլինկայի փողոցում կատարել են բռնություն՝ գործադրելով զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Ամբաստանյալների պաշտպան՝ փաստաբան Վահե Ամիրջանյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալների վերաբերյալ մեղմացնող հանգամանքները, մասնավորապես նշեց, որ Սեյրան Կարապետյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ, Վլադիմիր Մխիթարյանն ու Կարեն Գրիգորյանն ունեն մանկահասակ երեխաներ: Փաստաբանը նաեւ ընդգծեց, որ իր պաշտպանյալները չունեն դատվածություն:
Կարդացեք նաև
Չնայած Վլադիմիր Մխիթարյանը նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ասել էր, որ ունի մարված դատվածություն, պարոն Ամիրջանյանը պարզաբանեց. «Ստացիոնար էր, մարված, դա համազոր է դատվածություն չունենալուն»:
Դատաքննությունը մոտեցավ իր ավարտին, դատարանի որոշմամբ, դատական նիստը հետաձգվեց, որ ամբաստանյալները պատրաստվեն վերջին խոսքին: Իսկ հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի երկուսին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ