Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը կառավարության հետ հույսեր է կապում

Հոկտեմբեր 26,2016 17:51

«Գագիկ Ծառուկյանը մի քանի պարամետրով կախման մեջ է դրել իր վերադարձը: Եթե ինքը կտրուկ չի հերքում, որ չի վերադառնա, նշանակում է, որ ինքն էլ է մտածում այդ մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ քաղաքականության էջը փակել է, սակայն նա նաեւ չի բացառել իր վերադարձը քաղաքականություն:

Ստյոպա Սաֆարյանն ակնհայտ է համարում այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները կապ ունեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ. «Ինչո՞ւ է մտածում այդ մասին, որովհետեւ 2012 թվականին, այնուամենայնիվ, ստացել էր քաղաքական դաշտի երկրորդ կշիռը՝ որպես քաղաքական ուժ: Այդ կտրվածքով՝ նկատելի է՝ եթե իր գործոնը ընդմիշտ հեռացվում է քաղաքական դաշտից, բնականաբար ԲՀԿ-ն կարձանագրի բավականին համեստ արդյունքներ: Գագիկ Ծառուկյանը ինքն էլ լավ գիտի, թե ինչ է նշանակում քաղաքական հենարան, բնականաբար, չի էլ ցանկանա կորցնել այն, ինչին հասել է 2012 թվականին: Եվ թերեւս հենց սա է պատճառը, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ինքը չի բացառում կուսակցություն վերադառնալու հնարավորությունը»:

Styopa_Safaryan

Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, իր վերադարձը կոնկրետ գործոնների հետ է կապում. «Նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ բնականորեն է հղում կատարում 2015 թվականի փետրվարի 12-ի հայտարարությանը, որովհետեւ Ծառուկյանը ոչ միայն հեռացավ իր հայտարարությամբ, այլ հեռացավ նաեւ իշխանության հայտարարությամբ եւ որոշմամբ: Հետեւաբար՝ կարծես թե ինքն էլ պարզ է դարձնում, որ վերադարձի համար միայն իր հետ կապված գործոնները չեն, որ պետք է լինեն, որովհետեւ ի վերջո Սերժ Սարգսյանն է իրեն անվանել չարիք եւ պահանջել հեռանալ քաղաքականությունից: Հետեւաբար՝ եթե հեռացումը տեղի է ունեցել երկու կողմի որոշմամբ, ապա կարծում եմ՝ վերադարձը եւս ենթադրում է երկու կողմի որոշում: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը հենց կարկառուն կառավարիչների վրա ակնարկներ է անում»:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե պարոն վարչապետը գիտի, թե ինչ է անում, անհոգ եղեք՝ Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ չգիտի, թե ինչի հիման վրա է Ծառուկյանը վստահում վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերին, սակայն ըստ նրա, հենց դա ցույց է տալիս, որ Գագիկ Ծառուկյանը խնդիր ունի իշխանության ինչ-որ թեւի հետ. «Բայց ոչ կառավարության եւ նորանշանակ վարչապետի հետ: Թե որ թեւն է այդ կարկառուն թեւը, դժվարանում եմ ասել, որովհետեւ նրանք, ովքեր Գագիկ Ծառուկյանի համար կարկառուն չեն, կարկառուն օլիգարխ են հասարակության համար: Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինքն ում նկատի ունի, բայց ակնհայտ է, որ կառավարությանը առանձնացնում է, նրա հետ հույսեր է կապում, բայց նաեւ ակնարկում է որոշ կարկառունների կողմից երկիրը վատ կառավարելը: Հիմա թե ով է մտնում այդ կարկառունների մեջ, արդյոք ինքն ակնարկում է Սերժ Սարգսյանին, չեմ կարող ասել: Բայց չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք խոսում էին Ծառուկյանի դեմ, նրանք կարկառուններն են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31