«Դուք լուրջ բարեփոխումներ եք անում, եւ վերջերս եղավ զավեշտալի դեպք, երբ կառավարությունը քննարկում էր փոխնախարարներից մեկին բջջային հեռախոս գնելու հարցը»,- այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսպես վարչապետին հիշեցրեց իր զարմանքը, թե ինչու պետք է նման հարցերը հասնեն կառավարություն ու կառավարության որոշմամբ տրվեն:
Բայց սա պարոն Արզումանյանի մոտ հարցեր է առաջացրել՝ տրամաբանության վերաբերյալ, թե ինչպես են ծախսեր կատարում չինովնիկները: Պատգամավորի համոզմամբ՝ չինովնիկի համար բնականաբար ժամացույց չեն գնում, որ նա նայի ժամին եւ իմանա, թե ժամը քանիսին է աշխատանքի գնալու: Եթե չինովնիկն իր անձնական մեքենան է օգտագործում աշխատանքի համար, նրան տալիս են վառելիք՝ բենզին կամ մեքենա են գնում. «Եթե հաշվի առնենք, որ 18 նախարարություն ունենք, հավանաբար 60-70 iPhone 7-եր են չէ՞ օգտագործում փոխնախարարները: Այդ ի՞նչ ծախսեր են, ի՞նչ տրամաբանություն է»:
Նա հիշեցրեց, որ շարքային աշխատողները, որոնք կատարում են նույն փոխնախարարների հանձնարարությունները եւ 3-4 անգամ ավելի քիչ աշխատավարձ են ստանում, իրենց հեռախոսներն են օգտագործում, բայց որեւէ մեկի մտքով չի անցնում նրան բջջային հեռախոս գնել:
Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց, որ վարչապետը գուցե այդ ծախսերը վերանայի եւ հետեւի, թե մեր հարկային միջոցներն ինչպես են բաշխվում:
Կարդացեք նաև
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ թյուր տեղեկություններ են հասել. «Որեւէ մեկը բջջային հեռախոս փոխնախարարի համար չէր գնում: Խոսքը վերաբերում էր պաշտոնական պարտականությունների կատարմանը, հատկապես այն փոխնախարարների, օրինակ, արտգործնախարարի տեղակալը, որը պարտավոր էր կապվել իր գործընկերների հետ, մենք ընդամենը հաստատում էինք րոպեների թվաքանակը, որը նրան թույլատրված է օգտագործել: Որեւէ մեկի համար հեռախոս չի գնվում»:
Ալեքսանդր Արզումանյան ասաց, որ մամուլում է կարդացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ