Ֆինանսների նախարարության «Դիլիջան» ուսումնական կենտրոնը կլուծարվի: Կենտրոնի շենքը եւ գույքը կանցնի պետական գույքի կառավարման տնօրինությանը: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Հիշեցնենք, այդ կենտրոնի շինարարությունը տեւեց չորս տարուց ավելի եւ բյուջեից ծախսվեց 13,5 միլիարդ դրամ գումար: Ուսումնական կենտրոնի լողասենյակները հանդերձավորված են «լյուքս» դասի հյուրանոցներին վայել օճառամաններով, հայելիներով ու աղբամաններով: Նախարարությունն այդ նպատակով պետբյուջեից 37 միլիոն դրամ է վճարել «Իդեալ» ու «Կերամիկա» խանութների ցանցը ներկայացնող «Իմեքս գրուպ» ընկերությանը:
«Մենք ունենք նաեւ «Էկոնոմիկա» ամսագիր, ես ցանկացած քայլ անելուց առաջ լսում եմ շահագրգիռ կողմերին, բայց բոլորին տալիս եմ մեկ հարց` խնդրում եմ ասեք՝ այն գումարները, որոնք ծախսվում են ձեզ վրա, ի՞նչ արդյունավետությամբ ենք ծախսում եւ ովքե՞ր են օգտվում ձեր ծառայություններից: Ինչ վերաբերում է կենտրոնին, ասեմ, որ դա ՊՈԱԿ է, որը կամ լուծարվում է կամ վերաիմաստավորվում է, վաճառքի չի հանվում: Ես կարծում եմ, որ մենք գնալու ենք այն ճանապարհով, որ լուծարենք»,- ասաց նախարարը`հավելելով, որ ուսումնական հաստատությունները քիչ են աշխատում պետության հետ:
Նախարարի կարծիքով, անարդյունավետ աշխատող կառույցներ ունենք, որոնց ճակատագիրը հստակեցնելու կարիք կա:
Կարդացեք նաև
Հարցին` Գագիկ Խաչատրյանն անիմաստ ծախսե՞ր է արել, Վարդան Արամյանը պատասխանեց, որ իր սկզբունքներում չկա իր նախորդների աշխատանքը գնահատել, բայց. «Ես կարծում , որ կարելի է ավելի խելամիտ մոտենալ գումարին: Ես այդպես եմ մտածում: Իմ մոտեցումներն այն են , որ յուրաքանչյուր գումար պետք է ավելի խելամիտ ծախսել»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ