Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարվա համայնքապետի աշխատասենյակի առաստաղը ծակ է

Հոկտեմբեր 26,2016 17:06

Աճարկուտը Իջեւանի տարածաշրջանի փոքր գյուղերից է: Այնտեղ բնակվում է 50 ընտանիք, 174 մարդ: Աճարկուտի հիմնական դպրոցն ունի 11 աշակերտ: Աճարկուտ բանվորական ավանը հիմնվել է 1924թ,երբ Կունեն կոչվող տարածքում փայտի սղոցման արտադրամաս է գործարկվել: Աստիճանաբար հարեւան գյուղերից մարդիկ այդտեղ բնակություն են հաստատել, սկսել են կառուցել բնակելի շենքեր, դպրոց, հիվանդանոց, հացի փուռ, խանութ, ճաշարան: 1964թ. Սեւքարի անտառտնտեսության փայտի սղոցման գործարանը վերանվանվել է Աճարկուտ բանավան:

ՀՀԿ անդամ Ռաֆիկ Օհանյանը Աճարկուտը ղեկավարում էր 25 տարի, 1991թ. մարտից, 1996-ից՝ որպես համայնքի ղեկավար: 2016թ. սեպտեմբերի 18-ին Աճարկուտում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում 1947թ. ծնված Ռաֆիկ Օհանյանը ստացավ 28, իսկ նրա մրցակից, 1988թ. ծնված Մանվել Ավետիքյանը՝ 75 քվե:

Աճարկուտի նորընտիր համայնքապետը եւս ՀՀԿ անդամ է: Նա ասաց, որ փոքր համայնքը մեծ հիմնախնդիրներ ունի: Չնայած Աճարկուտ գյուղի շրջակայքում բազմաթիվ աղբյուրներ կան, սակայն գյուղը խմելու ջրի խնդիր ունի: Վիճակը լավ չէ նաեւ ոռոգման ջրի առումով:

Աճարկուտ գյուղից սկիզբ առնող, հարեւան Կիրանց գյուղ ձգվող ոռոգման ինքնահոս ջրատար է կառուցվել: Մանվել Ավետիքյանն ասաց, որ Քարահան գետից սնուցվող այդ ջրատարը ցածրադիր տեղանքով է անցկացվել, որի պատճառով Աճարկուտի շատ հողատարածություններ գտնվում են ոռոգման ջրագծից բարձր տեղանքում, չեն ոռոգվում:

Աճարկուտի համայնքապետարանը տեղակայված է Սեւքարի անտառտնտեսության նախկին վարչական շենքում: Մ. Ավետիքյանը իր բջջային հեռախոսում ցույց տվեց ծակ առաստաղով սենյակ, ասաց, որ դա նախկին համայնքապետ Ռաֆիկ Օհանյանի աշխատասենյակն է: Նորընտիր գյուղապետը Սեւքարի անտառտնտեսությունից մի սենյակ է խնդրել, որը դարձել է գյուղապետի աշխատասենյակը:

Մ. Ավետիքյանը հայտնեց, որ անտառտնտեսության նախկին վարչական շենքը վթարային է, սակայն «Հայանտառը» առաջիկայում աճուրդով կվաճառի շենքը:

Սեւքարի անտառտնտեսության տնօրեն Աշոտ Երիցյանը հայտնեց, որ աճուրդով վաճառքի են հանվելու ոչ միայն անտառտնտեսության նախկին վարչական շենքը , այլ նաեւ Աճարկուտում գտնվող, անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող այլ կառույցներ՝ ճաշարանի շենքը, այլ շինություններ: Նա ասաց, որ Աճարկուտի համայնքապետարանը կարող է անտառտնտեսության նախկին վարչական շենքը գնել: Եթե համայնքապետարանը ֆինանսներ հայթայթի այդ շենքը գնելու համար, ի՞նչ միջոցներով է վթարային շենքը հիմնանորոգելու: Աճարկուտում ազատ այլ շինություններ չկան, որպեսզի համայնքապետարանը, թեկուզ ժամանակավորապես, այնտեղ տեղակայվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31