Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթն ավելի շատ է, քան ծնելիությունը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 17:02

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն այսօր տնտեսական լրագրողների ակումբում ասաց, որ աշխատանքային միգրանտների թվի նվազում է նկատվել այս տարի:

Պարոն Եգանյանի խոսքերով՝ ըստ հետազոտությունների, աշխատանքային միգրանտների տեսակարար կշռի նվազում է տեղի ունենում. եթե անցյալ տարվա հետազոտությամբ տնային տնտեսություններից ամեն 3-րդը միգրանտ ուներ, այս տարի, ըստ ժողովրդագրագետի, ցուցանիշը մինչեւ 30% նվազել է: Սա մեծամասամբ պայմանավորված է Ռուսաստանում տնտեսական ոչ բարվոք իրավիճակի հետ. մի մասը վերադառնում էր, մի մասը՝ սպասում էր՝ չէր մեկնում եւ այլն:

ruben_yeganyan

Բացի այս, ինչպես նշեց Եգանյանը, անցյալ տարի աշխատանքային միգրանտ ունեցող տնային տնտեսությունները միջին հաշվով ունեին 1.7-1.8 եկամտի աղբյուր, իսկ այս տարի առնվազն 2 աղբյուր ունեն. «Սա նշանակում է, որ միգրանտների ընտանիքները սկսել են փնտրել այլընտրանքային եկամուտների աղբյուրներ: Մի քիչ մեծացել է Հայաստանում վարձու աշխատողների մասնաբաժինը, սեփական գործ ունեցողներինը, սա նաեւ գյուղատնտեսական բիզնեսն է, այսինքն, իրենց հողատարածքում զբաղվում են, կամ որ նախկինում չէին մշակում, հիմա սկսել են մշակել»:

Մեր երկրում միգրացիայի պատճառները նույնն են, ինչը որ մշտապես նշվում է. այսօր էլ պարոն Եգանյանը ներկայացրեց այդ պատճառները՝ տնտեսական պատճառները՝ աշխատատեղի բացակայություն, նորմալ գոյատեւման համար բավարար վաստակի բացակայություն, մասնագիտական աշխատանքի բացակայություն, ապագայի նկատմամբ հավատի բացակայություն, անորոշություն, սոցիալ-հոգեբանական ճնշող մթնոլորտ:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ բարձրաստիճան եւ ոչ միայն, պաշտոնյաները պարբերաբար ասում են՝ աշխատանքային միգրանտները, որոնք մեկնում են Ռուսաստան, կարող են այստեղ էլ վաստակել այնքան, որքան որ դրսում են վաստակում, երբ հաշվարկում են դրսում վարձով բնակվելը, սնվելն ու ընտանիքին ուղարկվող ծախսերը, պարոն Եգանյանն այսպես պատասխանեց՝ «Հո ասելով չէ, եւ ինչո՞ւ ենթադրել, որ մեր միգրանտներն այնքան խակ են ու այդքան պարզագույն հաշվարկներ չեն կարողանում անել եւ իր ծախսերը չի կարողանում հանել իր վաստակի մեծությունից»

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսին ներկա «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ պատասխանելով մեր հարցին, ասաց, որ այդ խնդիրը տարբեր պատճառներ ունի, պետք է ուշադրություն դարձնել «Աշխատանքային օրենսգրքին», որը բավական լուրջ խնդիրներ է առաջացնում երիտասարդ մասնագետների համար. «Նրանք ավարտում են ԲՈՒՀ-ը ու փորձում են աշխատանք գտնել, ի՞նչ է սպասվում նրանց, պետք է հարցնեն՝ փորձ ունի՞ թե՝ ոչ, եւ չունենալու պատճառով մեծ մասին մերժում են: Բայց կարելի է փորձաշրջանով թույլ տալ աշխատել:

Ինձ համար ավելի մտահոգիչ է երիտասարդների արտահոսքը, որովհետեւ ամենահանճարեղ ծրագիրն էլ չի կարող կանխել, երբ երիտասարդներն են արտահոսում: Կարեւորագույն սպառնալիքներից մեկը բնակչության ծերացումն է: Ավելի շատ արտագաղթում են, քան ծնելիության մակարդակն է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31