Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաներիս արգելում եմ որոշ կայքեր կարդալ, քանի որ հետո սկսում են սխալ գրել». Չեխիայի «Օրեր» կայքի խմբագիր

Հոկտեմբեր 26,2016 17:00

«Նոյյան տապան» մամուլի սրահում հրավիրված քննարկմանը Արցախում անցկացված Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակից, սփյուռքում գործող հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները մի շարք հիմնախնդիրներ բարձրացրին:

Չեխիայի «Օրեր» կայքի խմբագիր Աննա Կարապետյանը նշեց, որ երկրորդ անգամ է մասնակցում համաժողովին և դրական համարեց այն, որ ժամանակ առ ժամանակ կարողանում են միմյանց հետ զրուցել ու քննարկել տարբեր հարցեր: Նա առաջարկեց նեղացնել քննարկվող խնդիրների շրջանակը, որ առավել արդյունավետ կարողանան աշխատել. «ԼՂՀ-ից վերադարձել եմ բավականին խանդավառ այն իմաստով, որ մեր 18-20 տղաները շատ հանգիստ են կանգնած դիրքերում, կարծես թե մենք նրանցից անհանգիստ ենք: Կարևոր էր դա տեսնել, քանի որ հետո այդ ամենը փոխանցելու ենք մեր ընթերցողներին»:

Տիկին Կարապետյանն առաջարկեց ստեղծել համահայկական լրատվական ցանց. «Սփյուռքում յուրաքանչյուր ԶԼՄ հայապահպանության զինվոր է. ամեն ինչ պտտվում է հայկական խմբագրությունների շուրջ` համայնքների խնդիրներ, հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներ»:

Փաստելով հեղեղի նման իրենց գլխին թափվող հակաքարոզչության մասին` խմբագիրը նշեց, թե պետք է այդ ամենին դիմակայելու մեխանիզմներ մշակել, ինչը պետք է լինի ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ. «Մեր համայնքում պետք է սրա դեմ աշխատանք տանենք: Օրինակ` կան կայքեր, որ իմ զավակներին արգելում եմ կարդալ, քանի որ դրանք կարդալով` իրենք սկսում են սխալ գրել»:

Խմբագիրն առաջարկեց մշակել պետական լրատվական քաղաքականություն. «ԱԳՆ-ն պետք է մշակի 4-5 նախադասությամբ պարբերություն, օրինակ` Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, որ անգլալեզու, ֆրանսալեզու մամուլը դա ընդգրկի իր հրապարակումներում: Այսօր հայ լրագրողը չգիտի, թե այդ չորս-հինգ նախադասությունն ինչպես ձևակերպի»:

Դիտարկմանը` սփյուռքահայ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և հարցին` արդյոք նա այդ հարցը չի՞ տվել պարոն Նալբանդյանին, տիկին Կարապետյանը պատասխանեց, թե ձեռք բարձրացրել էր, բայց, ցավոք, իրեն հերթ չի հասել»:

Տիկին Կարապետյանը նաև առաջարկեց, որ հայաստանյան ԶԼՄ-ները իրենց նյութերի թարգմանություններն ընտրովի կատարեն և կարծիք հայտնեց, ամենևին կարիք չկա, որ Հայաստանում կատարված սպանության, օլիգարխի` մեքենան արգելված տեղում կայանելու մասին նյութերը թարգմանվեն, փոխարենը կարելի է ղարաբաղյան հակամարտության և նման մեծ կարևորություն ունեցող խնդիրներ թարգմանել:

«Լրագրողների համահայկական ընկերակցության» համակարգող մարմնի անդամ, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը համաձայնեց, որ անհրաժեշտ է համագործակցել ՀՀ ԱԳՆ-ի հետ. «Պետք է ամրագրել և ուղարկել այդ պարբերությունը»:

Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական «Ռադիո Այգի» ռադիոկայանի հիմնադիր և հաղորդավար Շաքե Մանգասարյանի համար ընդունելի չէ միակ գերխնդիր համարել ապրիլյան քառօրյա պատերազմը. «Համաժողովին մեկ խոսք անգամ չհնչեց տնտեսության վերաբերյալ: Մինչդեռ կարծում եմ, որ միջազգային լրատվական հարթակում պետք է այս տնտեսական, ռազմական հարցերը բարձրացնենք»:

Լիբանանի «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանի կարծիքով` լրագրողը սփյուռքում նաև հասարակական ու ազգային գործիչ է, ուստի այն, ինչ ստացան Արցախում, վաղն իրենց հետ տանելու են այն երկրները, որտեղ գործունեություն են ծավալում: Նա փափագով նշեց, թե շատ կուզեր, որ գոնե մեկ անգամ հանդիպում կազմակերպվեր ՀՀ-ում գործող լրատվական ցանցերի պատասխանատուների հետ. «Մենք քարոզչական մեքենայի հզորություն չունենք: Հարյուր հազարավոր կայքեր ունենք սփյուռքում սփռված, եթե այդ ցանցերի պատասխանատուներն ուղղակի կապի մեջ մնան ԱԳՆ-ի ինչ-որ քարոզչական բաժնի հետ և այդ սփռումները կարողանան անել, մենք տեղ հասած կլինենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31