Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի. վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 15-ին

Հոկտեմբեր 26,2016 16:43

2016 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Առաքելյանի, քննության առնվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. մարտի 22-ի վճռի դեմ ներկայացված  վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանը, քննելով ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ներկայացված հայցը, վճռել էր այն ամբողջությամբ մերժել: Վճռի հիմքում դրվել էր այն հիմնավորումը, որ պահանջված տեղեկությունները հանդիսանում են ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն:

Ներկայացված հարցմամբ Կազմակերպությունը պահանջել էր տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվելիք գործողությունների կատարման վերաբերյալ: Դատական նիստը կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի և ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Մխիթար Մկրտչյանի մասնակցությամբ: Նախագահող դատավոր Ա. Առաքելյանը ներկայացրեց գործի դատավարական նախապատմությունը, վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները:

Վերաքննիչ բողոքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիմնավորումներ էր ներկայացրել այն մասին, որ տեղեկատվության հարցմամբ պահանջված տեղեկությունները չեն հանդիսանում ծառայողական գաղտնիք, քանզի պահանջված տեղեկատվությունը բացառապես վերաբերել է ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպված դասընթացների, վերապատրաստումների, դրանց մասնակիցների թվին, իրականացման ժամանակահատվածին, դրանց մասնակցած ստորաբաժանումներին, դասընթացների թեմաներին, դասընթացների ազդեցության գնահատման արդյունքներին: Վերաքննիչ բողոքով պահանջվել էր բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը և գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության: Վերաքննիչ բողոքի վերաբերյալ գրավոր պատասխան չէր ներկայացվել: Դատարանի հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը նշեց, որ ամբողջությամբ առարկում է ներկայացված վերաքննիչ բողոքի դեմ և իրավաչափ է համարում ՀՀ Վարչական դատարանի կողմից կայացված վճիռը: Կողմերը միջնորդություններ չունեին, հայցվորի ներկայացուցիչը պնդեց ներկայացված վերաքննիչ բողոքը: Բողոքի քննությունը համարելով ավարտված՝ նախագահող դատավոր Ա. Առաքելյանը նշանակեց դատական ակտի հրապարակման օրը: Սույն գործով ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2016 թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 16:03-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31