Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյան. «Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր է՝ քաղաքականության ծալած էջը բացվի»

Հոկտեմբեր 26,2016 16:39

«Եթե պետք է իմ ժողովրդից արյուն թափի, ես դրան դեմ եմ: Հեղափոխությունն առանց արյուն չի լինում, իսկ ես քաղաքականություն չեմ մտել, որ իմ ժողովրդի արյունը թափի»,- հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նշեց, որ քաղաքականության էջը փակել է, սակայն չբացառեց իր վերադարձը քաղաքականություն. «Եթե անհրաժեշտ լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկ կլինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, որովհետեւ ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որն անում եմ: Եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի: Ուզում եմ տեղեկացնել՝ ինչքան մարդը հզոր, ուժեղ եւ բարի ա, այնքան կամեցող ա, ներող ա: Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի ա եւ ներող ա»:

Գագիկ Ծառուկյանը հավելեց. «Հարվարդ չեմ ավարտել, ես զրոյից կայացել եմ, ձեռս պուլսի վրա ա: Ես բոլորը զգում եմ: Ես ամեն ինչ զգում եմ, անգիր արած բառեր չեմ ասում:  Դուք կարող եք բացել 2009 թվականի Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը չեն ավելացնում, պահանջները չեն խստացնում, հակառակը՝ թեթեւացնում են, հնարավորություն են տալիս, որ մարդիկ գոնե կարողանան գոյատեւել, ապրել: Որովհետեւ եթե նրանց խստացնում ես, փակվում են, գործազրկություն է լինում, արտագաղթ է լինում:

Ասել եմ՝ բանկային համակարգերը լոմբարդներ են, այսօր մեր քաղաքացին ով որ դիմեց բանկային համակարգին, նա սնանկանում է, բայց դա ստեղծված է ժողովրդին բարեկեցություն տա, հնարավորություն տա փող ձեռք բերի, աշխատի ե՛ւ բանկը փակի, ե՛ւ ընտանիքը պահի: Գյուղատնտեսության բոլոր ոլորտները հատ-հատ, փոքր ու միջին բիզնեսով ասեմ, որ իրենց համապատասխան հարկերից պետք է ազատենք: Եթե Ծառուկյանը կարում ա 200 հատ խանութ տրամադրի փոքր եւ միջին գործարարին 1 տարի, 2 տարի, 3 տարի անվճար, որ մարդ կարողանա շնչի»:

Լրագրողի նկատառմանը, թե խանութներն իրենք են կառուցել, Ծառուկյանն ասաց. «Չէ, տղա ջան, ես եմ կառուցել, դու շատ սխալ ես ասում: Ով որ քեզ պատրաստած ուղարկել ա ստեղ, ամո՛թ քեզ: Դու կարող ես գնալ հարցնել, 5 միլիոնը ո՞վ ա դրել: Տղա ջան, մարդն իրա համար ռեմոնտը կատարել ա, բայց 5 միլիոն դոլար … Տեսնում ես՝ դու արդեն մուտիլովչիկ ես, դրա համար քո երեսից ժողովրդի 90 տոկոսը, եթե տոկոսների տակ ա, հենց քո պատրաստողն ու ուղարկողն ա եղել, տղա՛: Բայց Ծառուկյանն այս ժողովրդի համար մտածող, ամեն օր կատարող, իր վաստակած գումարից ժողովրդին հատկացնող: Ցանկացած ոլորտ՝ արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ: Հլը ասա ո՞վ ա էդքան անում»:

Լրագրողի խնդրանքին ըստ էության պատասխանել իր հարցին, Ծառուկյանն ասաց. «Ուրեմն՝ ես քո հարցին չեմ պատասխանի, որովհետեւ դու պատրաստված շպիոն ես, որ եկել ես ստեղ: Էսօր կա՞ մեկը, որ 2000 հատ խանութ պատրաստի մարդկանց 3 տարով տա ձրի»:

Նկատառմանը, թե համատեղ են կառուցվել այդ խանութները, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ինքն իրա տեղը չգա՞ ռեմոնտ անի: Քո բարեկամը, եթե կարիքի մեջ լինի, հոսանքի փողը չես տա, քո դեմքից երեւում ա, բայց ես 2000 ընտանիքի, որ ամեն մեկը 10 մարդ է պահում, ոչ թե ասել եմ 1 տարի, 3 տարի, ձեր ցավը տանեմ, աշխատեք: Քո հարցերին չեմ պատասխանելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31