Լրահոս
Օրվա լրահոսը

Քեմբրիջի «Լինքոլն» համալսարանի պատվոգիր՝ 33 թաղամասի քաղաքաշինական ծրագրի համար

Հոկտեմբեր 26,2016 16:17

ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 21-ը Թայվանում մասնակցել է Քեմբրիջի «Լինքոլն» հողային քաղաքականության համալսարանի (https://www.lincolninst.edu/) կազմակերպած վերապատրաստման դասընթացներին: Համալսարանը, որն աշխարհում հայտնի է քաղաքաշինական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խորհրդատվական, տեխնիկական և տնտեսական աջակցության ծրագրերի իրականացմամբ, այս տարի Թայվանում կազմակերպած իր հերթական՝ 131-րդ վերապատրաստման դասընթացին հրավիրել էր քաղաքաշինության ոլորտի՝ ենթակառուցվածքներով զբաղվող շուրջ 60 մասնագետների՝ աշխարհի տարբեր երկրներից:
Արտավազդ Թարխանյանը Թայվանից ձեռնունայն չի վերադարձել՝ պատվոգրի արժանանալով «Ներկայացված լավագույն աշխատանքի համար» անվանակարգում: Այս համատեքստում Հայաստանի քաղաքաշինության ոլորտում իրականացված կամ իրականացվող նախագիծ որպես նա ներկայացրել է Երևանի 33 թաղամասի՝ ժամանակակից և արդյունավետ լուծումներով հագեցած քաղաքաշինական ծրագիրը (կառուցապատման նախագծի հեղինակ՝ Ն. Սարգսյան):

22
Ըստ նրա՝ «Ներկայացված նյութը, կիրառված մոտեցումները, որոնք ի սկզբանե ներդրվել էին այդ նախագծի մեջ շատ բարձր գնահատվեցին, ի հավելումն, ներկայացման ձևաչափը, որը նույնպես շատ կարևոր էր»:

Ա. Թարխանյանի ներկայացմամբ՝ մասնակիցների համար դասախոսություններ են կարդացել քաղաքաշինության բնագավառի աշխարհում հայտնի լավագույն մասնագետները՝ հռչակ ունեցող պրոֆեսորներ և ակադեմիկոսներ, որոնք ամեն տարի բարձր վարձատրությամբ հրավիրվում են «Լինքոլն» հողային համալսարանի կողմից, որ իրենց գիտելիքներն ու փորձը կիսեն քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների հետ՝ այդ կերպ փորձելով աշխարհում քաղաքաշինության բնագավառի վերաբերյալ մթնոլորտ ձևավորել:

«Լինքոլն» համալսարանը քաղաքաշինության բնագավառում արդյունավետ կառավարման, առկա հնարավորությունների ճշգրիտ հաշվարկման, տարբեր ծրագրերին հատկանշական գործիքակազմի օգտագործման շուկայում առկա մեխանիզմներին և մոտեցումներին է ծանոթացնում մասնակիցներին՝ բացառիկ հնարավորություն տալով մեծ ծրագրեր իրականացնելու:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ 
ՄԱՄՈւԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել