Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում անշարժ գույքն արժեք չունի, ՓՄՁ-ներն էլ այլ գործիքների չեն տիրապետում, որ վարկ վերցնեն

Հոկտեմբեր 26,2016 16:05

«Երեւանից դուրս անշարժ գույքն արժեք չունի եւ սա խնդիր է, բիզնեսն այնտեղ չի կարողանում այն որպես գրավ օգտագործել եւ իր բիզնեսի համար միջոցներ ներգրավել: Միկրոֆինանսավորումը հարցի լուծում չէ»,-այսօր այսպիսի մտահոգություն հայտնեց Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

Նրա խոսքերով, ՎԶԵԲ-ը տեղական շուկայի խորհրդատուների համար, որոնք իրենց խորհուրդներով ՓՄՁ-ներին են խորհրդատվություն մատուցում, դասընթացներ է անցկացնում` նպատակ ունենալով զարգացնել տեղական խորհրդատուների փորձագիտական հմտությունները:

ՎԶԵԲ մասնագետները համոզված են, որ ՓՄՁ-ներին կրթելով նրանք ավելի հեշտ կարող են ֆինանսական միջոցներ ներգրավել բիզնեսը զարգացնելու համար:

«Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Ջեֆֆ Ֆերրիի խոսքերով, հնարավոր է մի օր գա, որ միջազգային փորձագետները դուրս գան Հայաստանի շուկայից, ուստի կարեւոր է, որ տեղական խորհրդատուներն ունենան այդ հմտությունները: Բիզնեսին խորհրդատվություն տալու փորձը պարոն Ջեֆֆին շատ է կարեւորում, եւ գտնում է, որ այդ խորհրդատվություններից օգտվող բիզնեսը գրավիչ է դառնում բանկերի համար:

2003 թվականից մինչ 2015 թվականը 1200 նման ծրագրեր է մեր երկրում իրականացվել 133 միլիոն եվրո վարկավորմամբ: Ըստ ՎԶԵԲ-ի, ՓՄՁ-ներին ֆինանսավորման ու զարգացման խմբի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանի, այն բիզնեսներին, որոնց խորհրդատվություն է մատուցվել, 94 տոկոս արդյունավետություն է գրանցվել:

Հարցին, թե ՎԶԵԲ-ը մասնակցե՞լ է Հարկային օրենսգրքի մշակման աշխատանքներին, պարոն Դեյվիսն ասաց, որ ՎԶԵԲ-ը Հարկային օրենսգրքի քննարկումներին ակտիվ կերպով ներգրաված չի եղել:

Մարկ Դեյվիսը համոզված է, որ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի ոլորտն ունի լուրջ ներուժ եւ այն տնտեսության շարժիչ մասն է, սակայն հաճախ առկա են ֆինանսավորման սահմանափակ այլընտրանքներ. «ՓՄՁ-ներն այսօր ներդրումներ ձեռք բերելու համար առավել խորը գնահատման եւ համապատասխան կառուցվածքների կարիք ունեն: Տեղական խորհրդատուների համար սա շատ օգտակար եւ տեղին դասընթաց է, քանի որ Հայաստանում ՓՄՁ ոլորտը առաջխաղացման կարիք ունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31