Նոր կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մի շարք նկատառումներ ունի, որոնք ներկայացրել է կառավարությանը. «Խոսքը վերաբերում է առանձին խմբերի անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանվածությանը, կանանց եւ երեխաների իրավունքներին, արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Իմ խնդիրն այն է, որ այդ հարցերը ներառվեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:
Նա համաձայն է այն նկատառման հետ, որ կառավարության ծրագրով նախատեսվելիք՝ քրեակատարողական հիմնարկների արդիականացման միջոցառումներն ուշացած են. «Օր առաջ պետք էր յուրաքանչյուր նման բարեփոխում անել: Քրեակատարողական հիմնարկները հատկապես ենթակա են բարեփոխումների»,-նկատեց Արման Թաթոյանը:
Արման Թաթոյանը նաեւ հայտնեց, որ շուտով ներկայացնելու է փաստաթուղթ, որը ներառում է ՔԿՀ-ներում անհրաժեշտ բարեփոխումները. «ՔԿՀ-ներում առաջնահերթ են բժշկական ծառայությունները, եւ խոսքը միայն «Դատապարտյալների հիվանդանոցին» չի վերաբերում: Խնդիրը բոլոր ՔԿՀ-ներում բուժծառայությունների ապահովումն ու դրանց որակի բարձրացումն է: Մենք ներկայում աշխատում ենք, որ համապատասխան առաջարկներով հանդես գանք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ