Հուլիսի 17-ից հետո ԶԼՄ-ների հանդեպ ճնշումների զգալի ալիք է եղել, որն իր գագաթնակետին է հասել հուլիսի 29-ի գիշերը, երբ ֆիզիկական բռնության են ենթարկվել 16 լրագրողներ եւ օպերատորներ: Ընդհանուր առմամբ, հուլիսյան դեպքերի ժամանակ ֆիզիկական բռնության է ենթարկվել 19 լրագրող եւ օպերատոր, եւս 8 լրագրողի եւ օպերատորի գործունեությունը խոչընդոտվել է՝ առանց ֆիզիկական բռնության: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտնեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2016թ. երրորդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր) զեկույցը՝ ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին: Զեկույցը ներառում է Երեւանի Խորենացի փողոցի ու Սարի թաղի հուլիսյան իրադարձություններն ու դրանց հետ կապված զարգացումները:
Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ հուլիսյան դեպքերի ժամանակ լրագրողների հանդեպ բռնությունների դեպքերի առթիվ ութ ոստիկանի մեղադրանք է ներկայացվել. «Սակայն մեղադրյալները որպես քաղաքացիներ են ներկայացվում. Այդ քաղաքացիները չէին, որ հատուկ միջոցներ կիրառեցին լրագրողների նկատմամբ: Ձեւական մոտեցում է ցուցաբերվում, իրենց խնդիրը «քավության նոխազների» հաշվին հարցը փակելն է: Մեր որոշ գործընկերների փաստաբաններ ասում են, որ ձեւական մոտեցումն ակնհայտ է»:
Անդրադառնալով վերջերս ՀՀ մի շարք մարզերում կայացած ՏԻՄ ընտրություններին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ գրանցվել է լրագրողի հանդեպ ֆիզիկական բռնության մեկ դեպք. «ՏԻՄ ընտրությունների պարագայում խախտումները քիչ են նաեւ այն պատճառով, որ լրատվամիջոցներն էլ շատ տեղ չեն հատկացնում դրանց»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ