Լրահոս
Օրվա լրահոսը

«18 հազար դրամ գործազրկության նպաստը հանեցին, քանի՞ մարդ տեղավորեցիք աշխատանքի». Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարության ներկայացուցչին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 14:17

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ԱԺ-ում ներկայացրեց Զբաղվածության մասին օրենքում եւ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսում են մասնագիտական կրթություն տալ դատապարտյալներին՝ ՔԿՀ-ում:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ հավատում եք դուք ձեր ասածին. «Եկեք այնպիսի բաներ անենք, որ հավատանք՝ դա աշխատելու է»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ նախագծին կողմ են քվեարկելու, բայց բոլորն էլ հասկանում են, որ քվեարկելու են եւ դրվելու է դարակում. «Գիտեք, մի՛ բերեք ուտոպիստական նախագծեր: Անիմաստ նախագիծ եք բերել, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք՝ այսօր ՀՀ-ում աշխատատեղ չկա: ԱԺ-ի մեծամասնությունը մեծ ոգեւորությամբ կողմ քվեարկեց 18 հազար դրամ գործազրկության նպաստը հանելուն՝ ասելով, որ մենք այդ գումարներն ուղղելու ենք բարի, գեղեցիկ խոսքեր ասվեց, թե ուսուցողական ծրագրեր ենք իրականացնելու, քանի՞ մարդ է ստացել աշխատանք: Օդում ինչ-որ հայտարարություններ են անում»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ հասարակ խնդիր են բարձրացրել քրեակատարողականի հետ կապված՝ չեն անում: Օրենքով դատապարտյալներն ունեն տեսակցության իրավունք, արտագաղթի պատճառով հարազատները ՀՀ-ում չեն, խնդրում են մարդիկ, որ մի հատ skype տեղադրեք մի սենյակում, մենք օրենքով մեզ հասանելիք ժամկետը՝ 2 ժամ է, կես ժամ մեր հարազատներին տեսնենք. «2 տարի այս խնդիրը չլուծեցիք, հիմա բերել եք մի ուտոպիստական նախագիծ: Կողմ ենք քվեարկելու , բարի ցանկությունների հռչակագիրը դնելու եք դարակում: Պարզ հարց էինք ասում՝ չլուծեցիք: Մի հատ կոմպյուտերի հարց լուծեիք, դնեիք սենյակում»: Պատգամավորն ասաց, որ հարյուր անգամ դիմել է պատկան մարմիններին, 100 անգամ էլ ասել են՝ լավ առաջարկ է, կքննարկենք ու ոչ մի քայլ չի արվել:

Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ տեսակցելու հետ կապված ավելի առաջնային խնդիր էլ ունեն՝ երկարատեւ տեսակցությունն ապահովելու: Փոխնախարարն ասաց, որ Կարմիր Խաչի հետ բանակցություններ են վարում՝ 1-2 տեղերում համակարգիչները տեղադրելու հետ կապված: Նա ասաց, որ ֆինանսական խնդիր է: Նաիրա Զոհրաբյանը զարմացավ՝ 7-8 համակարգիչ գտնելը այդ ի՞նչ մեծ ծախս է, որ Կարմիր խաչին են դիմել: Նա առաջարկեց, որ պատգամավորներն էլ հանգանակություն կարող են կազմակերպել եւ այդ համակարգիչների հարցը լուծել:

Ինչ վերաբերում է նախագծին, Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ դատապարտյալները ոգեւորված են եւ հետաքրքրված են՝ մասնագիտական կրթություն ձեռք բերելու: Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ հենց հիմա 300 դատապարտյալի տվյալ կարող է տալ, որոնք արդեն ՔԿՀ-ից դուրս են եկել եւ աշխատանք չունեն, ԲՀԿ-ից են աշխատանք խնդրում: Նա առաջարկեց՝ «Մի հատ եկեք իրենց աշխատանքի տեղավորեք»:

Սուրեն Քրմոյանը հորդորեց տվյալներն ուղարկել: Նա նաեւ ասաց, որ քրեակատարողականներում կրակայրիչների հավաքման արտադրամաս ունեն, վարսավիրանոց, դատապարտյալները հաց են թխում, այսինքն, ինչ-որ քայլեր ձեռնարկում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31