Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյան. «Դաունի համախտանիշով դպրոցականները մի անկյունում նստում են իրենց մայրիկի հետ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 13:53

Հոկտեմբերի 26-ին «Մենք» մամուլի ակումբը հյուրընկալել էր «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանին: Ասուլիսի թեման էր՝ որքանո՞վ են պատրաստված ՀՀ կրթօջախները՝ ներգրավելու հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ արդյոք գործո՞ւմ է ներառական կրթության քաղաքականությունը մեր երկրում:

«Վերջերս միջազգային մի կոնֆերանս ունեցանք, որտեղ միջազգային փորձագետը հայտնեց այնպիսի կարծիք, որն իմ կարծիքի նման էր: Նա ասում էր, որ եթե արտաքուստ տպավորություն ունենանք տվյալներից, վիճակագրությունից, նյութերից, ապա կարելի է ասել, որ Հայաստանը առաջատար ոլորտներից է՝ հետխորհրդային երկրների շարքում, մինչդեռ որակական կողմը դիտարկելիս պետք է ասենք, որ ներառական կրթություն չունենք ընդհանրապես: Ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին չի վերաբերում, այն վերաբերում է անօթեւան երեխաներին, բարդ ընտանեկան իրավիճակում գտնվողներին, օրինակ, եթե ծնողները բաժանվել են, ուրեմն երեխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող է համարվում միջազգային չափանիշներով: Ճիշտ է, թվային տվյալները ոգեւորիչ են, մինչեւ 2025 թ. համընդհանուր ներառականության պետք է անցնենք, բայց դրա կողքին այսօր ունենք դպրոցներ, որոնց պայմանները տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար հարմար չեն, ակադեմիական, ծրագրային ադապտացման առումով էլ երեխաները չեն կարող լիարժեք կրթություն ստանալ»,-ասաց պարոն Ալավերդյանը:

Նա մեջբերեց միջազգային կառույցներից մեկի կողմից իրականացրած հետազոտությունից մի դրվագ, ըստ որի՝ վերապատրաստված մասնագետներից հարցվածների 60 %-ը չէր էլ հիշում, թե ինչ թեմայով է եղել վերապատրաստումը:

«Ունիսոն» հ/կ-ի նախագահի ձեւակերպմամբ, օրինակ՝ դաունի համախտանիշով երեխան հայաստանյան դպրոցներում իր մայրիկի հետ դասասենյակի մի անկյունում է նստում, մի բան, որ կարող էր տանն էլ անել, նա չի շփվում համադասարանցիների հետ, չի ստանում կրթություն: «Նույնիսկ վնասակար պահ կա` երեխաների տպավորությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների մասին: Ըստ այս տպավորության, իրենք բոլորը պետք է լինեն «բարի», որ թույլ տան հաշմանդամություն ունեցող երեխային այցելել սովորական դպրոց: Ցավոք, նման երեխաների կարողությունները չեն բացահայտվում, նրան ատեստատն ուղղակի կնվիրեն, իսկ բարձրագույն կրթության մասին խոսք լինել չի կարող»,-փաստում է Արմեն Ալավերդյանը:

Նա անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող մի ծրագրի. «Սկզբում արեցինք գնահատումը, թե ինչպիսին է վիճակը բուհերում, բացի Ամերիկյան համալսարանից, մնացած բուհերը հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվողների համար, բացակայում է ակադեմիական ծրագրերի ադապտացումը, եւ ընդամենը 1% են կազմում հաշմանդամություն ունեցող ուսանողները: Ըստ վիճակագրության, որի թվերն արժանահավատ չեն, պատերազմ, երկրաշարժ ունեցած Հայաստանում ընդամենը 6,7 %-ն ունի հաշմանդամություն, մինչդեռ աշխարհում 15 %-ն է հաշմանդամություն ունեցող»:

Պարոն Ալավերդյանի խոսքերով, Հայաստանում ակնառու է խտրականությունը, ո՛չ ներառականությունը, շենքային հնարավորությունների պակասը: «Հաճախ, երբ մտահոգություն ենք արտահայտում, կարծում են, թե «Ունիսոնը» դեմ է ներառականությանը, ինչն անհեթեթություն է: Թող մի քիչ թվերի հետեւից ընկնեն, դանդաղ քայլերով առաջ շարժվեն, բայց ամեն ինչ իրական լինի, ուսումնական հաստատությունները, որ ներառական են հայտարարվում, մի քիչ դանդաղ, բայց իսկապես լինեն այդպիսին»,-շեշտեց նա:

Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց նաեւ նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք մեծ ֆորումի մասին, որտեղ կլինի տեսանյութերի ներկայացում, իր ձեւակերպմամբ, մի քիչ շոկային ցուցահանդես, իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ «կկիսվեն» իրենց հաջողության պատմություններով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31