Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց Գալուստ Սահակյանին, որ իրենց եւ «Ժառանգության» կողմից մշակված Հյուսիսային Իրաքում եզդիների հանդեպ ցեղասպանական գործողությունների մասին ԱԺ հայտարարությունը քննարկեն: Նա ասաց, որ հայտարարության տեքստը պատրաստ է եւ ճիշտ չի լինի, որ այս քառօրյայում այդ հարցը չքննարկեն:
Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Ես տեղյակ եմ ամեն ինչից, եւ ինքս կորոշեմ, թե որ օրինագիծը երբ կդրվի: Իսկ «Նաիրիտի» վերաբերյալ ասեմ՝ շատ լավ կլինի լսումներ կազմակերպեք, որովհետեւ երեկ էլ հայտարարեցիք, թե կառավարությունը դրական վերաբերմունք ունի, հանձնաժողովը դրական վերաբերմունք ունի, դա սկի էլ այդպես չէ: Դրա համար լսումներ կկազմակերպեք, կառավարությունն էլ կլինի, նոր հետո կդնենք ԱԺ նիստին»:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Եթե նախարարն ինձ հետ խոսում է, ասում է, որ իրենց վերաբերմունքը միանշանակ դրական է, հետո կառավարությունը փոշմանում է իր վերաբերմունքի մեջ, այստեղ պրոբլեմը ԲՀԿ-ի մեջ չէ, կառավարության մեջ է: Թող կառավարությունը հստակեցնի իր դիրքորոշումը՝ կողմ է, դեմ է, թե ձեռնպահ է: Տվյալ ոլորտի նախարարը նշել է, որ իրենք կողմ են «Նաիրիտի» մեր ներկայացրած նախագծին: Հիմա եթե ասել է՝ առանց կարդալու, հետո կարդացել են եւ վերապահում ունեն, այդտեղ խնդիրը հաստատ իրենց մեջ է»:
Գալուստ Սահակյանն էլ ասաց. «Ես էլ եմ գտնում, որ իրենց մեջ կլինի, բայց նրանց ուղարկած տեղեկությունն այնպիսին է, որը հիմնավորապես չի գնահատում այդ աշխատանքը»:
Կարդացեք նաև
Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին օրինագիծը, որը երեկ քննարկվել էր, դրվեց քվեարկության եւ ընդունվեց 95 կողմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով: Մինչ քվեարկությունը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ, ընդհանուր առմամբ, նախագծին կողմ է, բայց քանի որ օգտագործվում է «ազգաբնակչություն» բառը, այն պետք է փոխարինվի մեկ այլ բառով: Սա խորհրդային տարիներից մնացած տերմին է, народонаселения բառից է գալիս: Ըստ Փոստանջյանի, ՀՀ-ում ազգաբնակչություն չունենք, սա կայսերական խնդիր է հետապնդում: Գալուստ Սահակյանը չհամաձայնեց՝ ազգաբնակչությունը շատ լավ բառ է եւ որեւէ Սովետի հետ կապել հնարավոր չէ: Նա հորդորեց գրավոր առաջարկել, գուցե վերանայեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ