Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկը գործում է այլ իրականության մեջ. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 26,2016 12:44
kb

Կառավարությունը մտադիր չէ հաջորդ տարի ավելացնել բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձը։ Երկրորդ տարին անընդմեջ դրանք կմնան անփոփոխ։
Չի նախատեսվում նաեւ կենսաթոշակների եւ սոցիալական ապահովության այլ վճարների ավելացում։ Բյուջեի ակնկալվող մուտքերը դրա հնարավորությունը չեն տալիս։
Ինչպես հայտնի է, այս տարի սպասվում է նախատեսված եկամուտների զգալի թերստացում։ Խոսքը շուրջ 80 մլրդ դրամի մասին է։ Հաջորդ տարվա համար նույնպես ակնկալիքները մեծ չեն։ Ծրագրված մուտքերն ընդամենը 24 մլրդ դրամով են գերազանցում 2016թ. պետական բյուջեի ցուցանիշը։

Այս պայմաններում կառավարությունը որոշել է հրաժարվել աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումից։ Նպատակահարմար չի համարվում այն իրականացնել նաեւ բյուջեի դեֆիցիտի մեծացման հաշվին, որովհետեւ անհանգստացնող մակարդակի է հասել պետական պարտքը։

Ի տարբերություն կառավարության, Կենտրոնական բանկը մտադիր չէ հրաժարվել աշխատավարձերի բարձրացումից։ Ինչպես ամեն տարի, 2017թ. եւս այս կառույցում նախատեսում է աշխատավարձերի ավելացում։ Միջին աշխատավարձը Կենտրոնական բանկում կավելանա 17,6 հազար դրամով։ Այն կգերազանցի 603 հազար դրամը։
¬Բանկի աշխատակիցների միջին աշխատավարձը 2017թ. համար ընդունվել է 603,5 հազար դրամ, որը 2016թ. համար նախատեսված նույն ցուցանիշից ավել է 17,6 հազար դրամով կամ 3 տոկոսով,- ասվում է Կենտրոնական բանկի հաջորդ տարվա վարչական ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ։

Ըստ այդմ, երկու տարվա ընթացքում Կենտրոնական բանկում միջին աշխատավարձի աճը կկազմի ավելի քան 70 հազար դրամ։ Հիշեցնենք, որ 2016թ. այն բարձրացվեց 53 հազար դրամով։

Ինչպես միշտ, Կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձի ավելացումը բացատրվում է օրենսդրության պահանջով։ ԿԲ մասին օրենքով սահմանված է, որ «բանկի աշխատակիցների աշխատավարձի միջինը պետք է համապատասխանի բանկային համակարգի միջինին»։ Ըստ Կենտրոնական բանկի. «2016թ. համար առեւտրային բանկերի կողմից բանկային համակարգի միջին աշխատավարձի չափը կանխատեսվում է 697 հազար դրամ»։ Այլ կերպ ասած, նախորդ տարվա կանխատեսման համեմատ կավելանա 11 հազար դրամով։

Որքան էլ ԿԲ¬ն առաջնորդվում է այս հաշվարկով, այնուհանդերձ չգիտես ինչից ելնելով՝ որոշել է սեփական աշխատավարձերի բարձրացման ավելի առաջանցիկ քայլ կատարել։ Թեեւ դեռ հարց է, թե բանկային համակարգի միջին աշխատավարձերի վերաբերյալ աճի գնահատականները որքանով են իրականություն դառնում։
Ինչպես հայտնի է, վերջին երկու տարիներն այնքան էլ նպաստավոր չեն բանկային համակարգի համար։ Մի բան, որ ուղղակիորեն ազդում է նաեւ դրանց ֆինանսական հնարավորությունների վրա։ Այդ պայմաններում աշխատավարձերի նախատեսվող աճը ոչ միշտ է հաջողվում ապահովել։ Պատահական չէ, որ համակարգի միջին աշխատավարձերի վերաբերյալ գնահատականները ոչ միշտ են համընկնում պաշտոնական ցուցանիշների հետ։
Ն. Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31