Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպահայը՝ ՀՀ-ի մասին. «երկիրը երկիր է, ինչո՞ւ են ասում՝ երկիր չէ…» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2016 12:39

Հալեպահայությունն անվտանգության երաշխիքներ չունի, քանի որ կառավարական զորքերը բնակչությանը չեն կարող ապահովագրել հրթիռակոծություններից: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց

«Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» ՀԿ մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը: «Վերջին տասը ամսում թանկ գնով էլեկտրաէներգիա ենք գնում՝ օրական տասը ժամով, էլեկտրածին սարքեր են տեղադրել, մինչդեռ պետականն անվճար էր: Բարեսիրական միություններն օժանդակում են հալեպահայերին՝ սնունդով, անհրաժեշտ պարագաներով»,-տեղեկացրեց նա:

Մարիա Գաբրիելյանի խոսքով՝ սիրիահայերի մի մասը երկմտանքի մեջ է, ցանկանում է երկու ամիս էլ սպասել. եթե Հալեպում իրավիճակը նույնը մնաց, կհեռանան. «Շատ քիչ թվով մարդիկ էլ ցանկանում են դուրս գալ, բայց գումար չունեն: Նրանց խնդիրներն էլ են լուծում: Բարերարները տոմս են գնում:

Սփյուռքի նախարարությունը համայնքի ներկայացուցիչների հետ կապի մեջ է, տարբեր տեսակի օժանդակություն է ցույց տալիս, բայց կցանկանայինք ներգաղթի մշակույթ լիներ, որովհետեւ բոլորս էլ կուզենայինք Հայաստանում հաստատվել: Երբ գալիս ենք՝ ամեն ինչ գեղեցիկ եւ դրական է, բայց միակ հարցն աշխատանքի ապահովումն է: Հասկանում եմ, որ դժվար է, բայց կարելի է համապատասխան ծրագիր իրականացնել, ինչպես մյուս երկրներում»:

Բանախոսը հայտնեց, որ Հալեպից հեռացածների մեծամասնությունը հաստատվել է Կանադայում, Շվեդիայում, Ավստրալիայում: Նաեւ նշեց, որ վերջին ուսումնասիրության տվյալներով՝ Հալեպում 14 ահաբեկչական խմբավորումներ են գործում՝ հիմնականում Թուրքիայի օժանդակությամբ. «Մեր զոհերն ու ավերածությունների պատճառն ահաբեկչական խմբերն են»:

Մարիա Գաբրիելյանը հերքեց տեղեկությունները, թե հալեպահայերն արյան գնով ստիպված պահում են համայնքը. «Արյան գնով պահելու խնդիր չկա, ոչ մեկ չի ստիպում մեզ մնալու Հալեպում: Վիրավորական են որակումները, թե համայնք մեծ փողեր են մտնում եւ իբր դա է պատճառը, որ մենք շարունակում ենք մնալ»:

Մարիա Գաբրիելյանին զարմացրել է հայաստանաբնակների՝ «երկիրը երկիր չէ» տարածված արտահայտությունը. «Ինչո՞ւ են այդպես ասում: Երկիրը երկիր է, գեղեցիկ՝ զարգացած: Միակ խնդիրը՝ մեզ բնակարանով եւ աշխատանքով ապահովելն է: Այնքան արհեստներ կան, որ սիրիահայերը կարող են այստեղ զարգացնել»:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն էլ անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ ասաց. «Երբ հրադադար է հաստատվում, պետք է հասկանանք, որ այն կայուն չէ: Կողմերից մեկն ահաբեկչական խմբավորումներն են, որոնք պարտադիր կերպով չեն կիրառում հրադադարը: ԻՊ-ին եւ քրդական գործոնն իբրեւ գործիք են Սիրիական հակամարտության մեջ: ԻՊ-ն Թուրքիայի կողմից որպես գործիք կիրառվեց՝ կառավարելի քաոս ստեղծելու համար, մինչդեռ անվերահսկելի քաոսի պայմաններ են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31