Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ բարեգործության պատրվակով մարդկանց են շորթում. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 26,2016 12:36

Մեզանում արդեն տարածված երեւույթ է դարձել, երբ տարբեր պատրվակներով զանգահարում են քաղաքացիների բնակարաններ եւ խնդրում որոշակի գումար փոխանցել ծանր հիվանդությամբ տառապող երեխայի կամ վիրավորված զինվորի բուժման համար: Կամ ինչ-որ երիտասարդ աղջիկներ հենց փողոցում են մոտենում անցորդներին եւ առաջարկում գումար հանգանակել նման նպատակներով:

Հատկապես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում այդ միջոցներով գումար հավաքողների թիվը զգալիորեն աճել է` զանգահարում կամ մարդկանց են մոտենում ամենատարբեր պատրվակներով, տարբեր անձինք եւ ամեն անգամ՝ նոր հնարքներ բանեցնելով: Օրինակ, վերջին շրջանում հիվանդ երեխաներին օգնելու առաջարկով փորձում են իբրեւ իրենց հրապարակած մանկական ամսագրերը վաճառել` հավաստիացնելով, թե հավաքված ամբողջ հասույթը կամ դրա որոշակի տոկոսը ծախսվելու է բարեսիրական նպատակներով:

Ի դեպ, որեւէ մեկը չի փորձում պարզել, թե ովքե՞ր են այդ հանգանակությունը կազմակերպողները եւ արդյոք իրենց բարի կամքով նվիրաբերված գումարներն այն նպատակներո՞վ են ծախսվում, ինչում իրենց հավատացրել են: Ի վերջո, չի բացառվում, որ այդպիսի բարեսիրական հանգանակությունները պարզապես ինչ-որ անձանց համար «բիզնես» ծավալելու միջոց են, այլ կերպ ասած` նրանք խաբեությամբ մարդկանցից գումար են շորթում` բարեգործության անվան տակ:

Ի վերջո, նաեւ հետաքրքիր է, թե որքանո՞վ է օրենքն արտոնում նման նախաձեռնությունները, եւ ովքե՞ր կարող են այդպիսի գործունեությամբ զբաղվել, որպեսզի մարդիկ ակամա խաբեբաների զոհ չդառնան:

Իրավաբան ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հավաստմամբ` օրենքը չի կարգավորում այդ դաշտը, եւ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ամեն մեկը կարող է որեւէ կազմակերպություն հիմնել կամ նույնիսկ առանց իրավաբանական գրանցման մարդկանցից գումարներ հավաքել` հիվանդներին, կարիքավորներին օգնելու պատճառաբանությամբ: Եվ այդպիսի պայմաններում առանց լուրջ հետաքննություն իրականացնելու հնարավոր չէ պարզել` իրականում տվյալ մարդը բարեգործակա՞ն մղումներով է այդ գործունեությունը ծավալում, թե՞ այդ ճանապարհով պարզապես փորձում է գումար շորթել քաղաքացիներից։
«Օրենքը չի սահմանում` ցանկացած մարդ իրավունք ունի՞ օգնություն հավաքել երրորդ անձանց համար, թե՞ դրանով միայն արտոնագրված կազմակերպությունը կարող է զբաղվել: Բարեգործության մասին օրենքը միայն սահմանում է, որ այդպիսի գործունեությամբ կարող է զբաղվել իրավաբանական կարգավիճակ ունեցող անձը կամ կազմակերպությունը:

Բայց թե որտեղ պետք է այդ կազմակերպությունը գրանցված լինի, ինչպե՞ս պետք է վերահսկվի նրա գործունեությունը, որպեսզի ֆինանսական հոսքերն արդյունավետ եւ նպատակաուղղված ծախսվեն, այս մասին օրենքը լռում է»,- պարզաբանում է իրավաբանը։
Մ. Խաչատրյանի հավաստմամբ` հեռախոսազանգերով, փողոցում կամ անգամ սոցիալական ցանցերում բարեգործության պատրվակով գործունեություն ծավալողները պարտավոր են հաշվետու լինել պետական կառույցներին, հանրությանը, որպեսզի նրանց իրականացրած ցանկացած ծրագիր թափանցիկ լինի հանրության այն շերտերի համար, որոնք ներգրավվում են այդ ծրագրերում իբրեւ դոնորներ: Այլապես ոչ ոք երաշխավորված չէ, որ իրեն կարող են քաղաքակիրթ ձեւով շորթել:

 

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31