Լրահոս
Օրվա լրահոսը

Կարդալու մշակույթի մասին

Հոկտեմբեր 26,2016 09:51

Համացանցում ինչ-որ մի անհայտ տեղից լուր էր հայտնվել, թե իբր վարչապետն ասել է՝ բարձրացնելու եմ նվազագույն աշխատավարձը եւ դարձնելու եմ 100 հազար դրամ: Միամիտ «համացանցային հայերը» հավատացին այդ ապատեղեկատվությանը եւ «անխնա տարածեցին» այդ սուտը: Ամենահետաքրքիրն այն է, որ բավականին բարձր մտավոր եւ կրթական ցենզով մարդիկ կուլ են տվել այդ խայծը եւ ակտիվորեն քննարկում են «լուրը»՝ ենթադրություններ կազմելով, թե երբ է դա տեղի ունենալու:

Խնդիրը, հետեւաբար, այն չէ, որ կան հարյուրավոր կայքեր, որոնք րոպեն մեկ ինչ-որ բան են «բստրում», այլ չկան բավական թվով ընթերցողներ, որոնք հեշտությամբ կարողանում են «թացը չորից» տարբերակել: Ինչպես ամեն մի հարցում, այստեղ էլ պետք է զարգացնել նաեւ կարդալու մշակույթը, երբ ընթերցողը կամ օգտատերը հասկանում է, թե որ աղբյուրն է հեղինակավոր, իսկ որը՝ ոչ, որ լրատվամիջոցն է սոլիդ, իսկ որը՝ «թեթեւսոլիկ»: Վերջիններս նույնպես պետք է լինեն, թող զարգանան, բարգավաճեն, հարստանան, «քլիքներ» հավաքեն՝ դա նորմալ է: Նորմալ չէ, որ մարդիկ, որոնք կարդում են դրանք եւ հաճույք են ստանում, չեն հասկանում, որ այս մի լրատվամիջոցը հաճույք ստանալու համար է, իսկ այս մեկը՝ տեղեկատվություն քաղելու եւ մտածելու:

Գիրք, թերթ կամ կայք կարդալը մշակույթ է՝ դա, ի վերջո, ապրելու, շփվելու ձեւ է, որը մենք ընտրում ենք: Անձամբ իմ նախընտրելի ձեւը հետեւյալն է. ոչ մի երեւույթի, ոչ մի մարդու չմոտենալ նախապաշարված, արդեն ձեւավորված «լավ-վատ», «ճիշտ-սխալ», «քաղցր-դառը» դուալիզմի տեսանկյունից: Բայց, մյուս կողմից, ոչ մի լուր չընդունել անվերապահորեն եւ միշտ գնահատել դրա հավանականությունը: Հնարավո՞ր է արդյոք, որ վաղը նվազագույն աշխատավարձը դառնա 100 հազար դրամ: Այո, իհարկե, հնարավոր է: Նույնքան հնարավոր է, որ կգտնվի մեկը, որը 500 միլիոն դոլար կներդնի «Նաիրիտն» աշխատեցնելու համար՝ ունենալով չափազանց մշուշոտ հեռանկար: Դարձյալ հնարավոր է, որ այս պահին իմ համակարգչի վրա թռչող ափսե իջնի, եւ այնտեղից դուրս գան 20 սանտիմետրանոց այլմոլորակայիններ: Բայց դուք, կարդալով այս լուրերը, գնահատում եք դրանք՝ ելնելով ձեր սեփական «հավանականության տեսությունից»:

Կարդալու մշակույթի անբաժանելի մասն է քիչ թե շատ իրատեսական «հավանականության տեսություն» կառուցելը: Էմոցիոնալ գնահատականները՝ «վայ, ինձ խաբում են», «ինչո՞ւ են ինձ խաբում», որեւէ իմաստ չունեն, ու այդ հարցերն էլ, վերջին հաշվով, երկրորդական են: Առաջնայինը տեղեկատվությունը սթափ գնահատելն է:

…Մի տեղ էլ կարդացի, որ Սեյրան Օհանյանը մտնում է քաղաքականություն: Դա հնարավոր է: Ցավոք սրտի:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31