Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեգործական վազք. 2,5 միլիոն են նախատեսել, բայց 8 միլիոն են հավաքել

Հոկտեմբեր 26,2016 15:00

«Չկա իմ եւ ուրիշի երեխա, կա խնդիր, որը կարող է քո օգնությամբ լուծվել»,- այսպես է արձագանքել ազգությամբ ռուս մի տիկին, որը եկել է Հայաստան` բարեգործական նպատակով վազելու: Ռուսաստանից եկած բարեգործ վազորդը մասնակցել է հոկտեմբերի 16-ին մեր երկրում տեղի ունեցած վազքի երեւանյան կիսամարաթոնին: Երեւանյան կիսամարաթոնին գրանցվելիս տեսել է, որ կա թիմ, որը վազելու է բարեգործական նպատակներով, այսինքն՝ նրանց համար ներդրվող գումարները գնալու են Հայաստանի մանկական ուղեղային կաթվածով երեխաների բուժմանը, նրանց համար վերականգնողական կենտրոնի կառուցմանը: Եկող տարի տիկնոջ ամուսինը նույնպես որոշել է Հայաստան գալ ու բարեգործական նպատակով վազել:

Այս մասին «Առավոտի» հետ զրույցում պատմեց «Հայ բարեգործ վազորդների թիմի» անդամ, PR պատասխանատու Շարմաղ Սաքունցը: Նրա խոսքով՝ երբ մարդը ցանկանում է վազել բարեգործական նպատակներով, ապա այդ մասին հայտնում է սոցցանցերով, իր ընկերական շրջապատին եւ այլն, որի հաշվին ցանկացողները գումարներ են փոխանցում: Այդ գումարներն ուղղվում են բարեգործական ծրագրերին: Շարմաղ Սաքունցը բարեգործական նպատակով վազել է նաեւ այլ երկրներում, բայց հասույթը գնացել է հայ մանուկներին: Այս անգամ «Հայ բարեգործ վազորդների թիմը» ծրագրել էր հավաքել 2,5 միլիոն դրամ, բայց անսպասելիորեն հավաքել է մոտ 8 միլիոն դրամ: Գումարը պետք է ուղղվեր «Հայ մայրեր» հ/կ-ի «Երազի տուն» վերականգնողական կենտրոնի վերակառուցմանը: Այստեղ վերականգնողական բուժում պետք է անցնեն հարյուրավոր երեխաներ, որոնց ախտորոշումը մանկական ուղեղային կաթված հիվանդությունն է:

vazq-1

Ներկայումս երեխաները բուժում են անցնում մեկ սենյականոց բնակարանի չափ տարածքում, իսկ մի շարք թերապիաներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում են: Կենտրոնի նպատակն է բոլոր ծառայությունները մեկտեղել, որպեսզի երեխան սպասարկվի մեկ վայրում, այլ ոչ թե ծնողը հիվանդ երեխային գրկած՝ այստեղից այնտեղ գնա: Այս պահին կազմակերպությունը ունի մանկական ուղեղային կաթվածով 220 երեխա, բայց այդ հիվանդությամբ երեխաների թիվը մեր երկրում ավելի շատ է:

«Երազի տուն» վերականգնողական կենտրոնի վերակառուցումը կավարտվի 2017-ին: Շարմաղ Սաքունցի խոսքով՝ վազորդների միջոցով բարեգործություն անելը երեք նպատակ ունի` բարեգործությունը որպես երեւույթ տարածելը, առողջ ապրելակերպի քարոզը, լավ գործերով կիսվելու մշակույթը:

2014-2015թթ. գումարը թիմի անդամ-վազորդներն ուղղել են մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների անվճար թերապիաներին, օրթոպեդիկ հատուկ կոշիկներ եւ տարբեր տեսակի մարզասարքեր գնելուն:

«Հայ բարեգործ վազորդների թիմը» 2014-ից սկսած այս ճանապարհով է գումար հանգանակում: Առայսօր բարեգործ վազորդները 16 միլիոն դրամ են հավաքել: Շարմաղ Սաքունցի խոսքով՝ իրենց կարեւոր նպատակներից է մասնակցել Հայաստանի սահմաններից դուրս վազքային միջոցառումներին, որպեսզի ավելի շատ գումարներ ներգրավեն հայ մանուկների համար:

vazq-3

«Դրսում բարեգործական վազքի մշակույթն ավելի զարգացած է, այդ իսկ պատճառով ուզում ենք ավելի շատ դրսում վազել, որ ավելի շատ գումարներ հանգանակենք: Կարեւոր չէ, թե վազողն ինչ ազգություն ունի, եթե իմանում են, որ օգնության կարիք ունեցողներ կան, օտար ազգերի վազորդները եւս մասնակցում են ակցիային»:

Ըստ մեր զրուցակցի՝ նպատակներից մեկն էլ այն է, որ դրսից ավելի շատ բարեգործ-վազորդներ ներգրավեն. «Դրսի ներուժն ավելի մեծ է, Հայաստանում թե՛ վազքը, թե՛ բարեգործությունը քիչ են տարածված եւ մարդկանց կողմից այդքան էլ հասկանալի եւ ընդունելի չեն, այդ պատճառով գումարը քիչ է հավաքվում, իսկ նույն ակցիան երբ դրսում է արվում, ավելի մեծ գումարներ են հավաքվում: Նպատակն այն է, որ տարբեր երկրներում ապրող մարդիկ տեղում վազեն եւ գումարները ուղղեն Հայաստանին: Եկող տարի դրսի վազորդները, որոնք այս տարի եկել էին, կրկին ցանկություն են հայտնել մասնակցելու մեր երկրում կազմակերպվող վազքի միջոցառմանը»:

Թիմի անդամները վազել են Մոսկվայում, Ավստրիայում: Այս անգամ կիսամարաթոնին վազել են նաեւ մայրիկներ իրենց մանկահասակ երեխաների հետ: Կիսամարաթոնի ամենափոքրիկ «վազորդը» մի քանի ամսական է եղել, որը «վազել» է մոր գրկում: Մայր ու բալիկ կտրել-անցել են մեկ կիլոմետր: Մինչեւ 14 տարեկան երեխաները, որոնք նույնպես վազել են ծնողների ուղեկցությամբ, այդքան ճանապարհ են հաղթահարել, որոնց մեծ մասը նույնպես բարեգործական նպատակով են վազել:

Երեւանյան կիսամարաթոնին 250-ից ավելի նվիրատու է մասնակցել, որոնց գումարների վերաբերյալ թիմը, հասարակական կազմակերպությունը հանգանակողներին կոպեկ առ կոպեկ հաշվետվություն են ներկայացրել, թե քանի լումա ինչի վրա է ծախսվել:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

25.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31